News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քանի որ Էրդողանի վարկանիշն ընկել է հունիսի ընտրությունների նախաշեմին, որոշակի թերահավատության պատճառ կա, թե ով է Ստամբուլում ահաբեկչություն իրականացրել, գրում է Ռոբերտ Էլիսը National Interest-ի իր հոդվածում։

«Ստամբուլի ամենաբանուկ փողոցում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով վեց մարդ է զոհվել եւ ութսունմեկը վիրավորվել, հանկարծակի եւ սարսափելի էր: Իմ թուրք ընկերը, որը նախկին զինվորական է, Ստամբուլից ինձ գրել է. «Հուսով եմ՝ սա հնարավորություն կլինի արեւմտյան երկրների համար (ԱՄՆ եւ այլն) տեսնելու, թե ում են սատարում եւ հանուն ինչի։ Այս ահաբեկչությունները ավելացնում են Էրդողանի ձայները»։

Այո, բայց խոչընդոտ կա։

Այս տեսակի միջադեպերը, թեեւ հազվադեպ են, բայց թուրքական կյանքի առանձնահատկությունն են։ 1984-1999 թվականներին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ Թուրքիայի «կեղտոտ պատերազմի» ընթացքում նման դեպքեր շատ են եղել։

Այս անգամ թուրքական իշխանությունները գործեցին ապշեցուցիչ արդյունավետությամբ։ Հանցագործին՝ Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրին արագ ձերբակալեցին եւ լուսանկարեցին «Նյու Յորք» գրությամբ մարզաշապիկով։ Հաղորդվում է, որ Ալբաշիրը նաեւ խոստովանել է, որ որպես ՔԱԿ-ի եւ Քրդական ինքնապաշտպանական ջոկատների (ԱՄՆ-ի կողմից աջակցվող) «հատուկ հետախուզության սպա» վերապատրաստվել է Սիրիայում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն եզրակացրել է, որ ահաբեկչության հրամանը ստացել են Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբից, որտեղ գտնվում է վերոնշյալ կազմակերպությունների շտաբը։ Քրդական ինքնապաշտպանական ջոկատներին եւ Սիրիական դեմոկրատական ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում ամերիկյան աջակցության պատճառով Սոյլուն մերժել է ԱՄՆ-ի ցավակցությունները։

Սակայն հաջորդ հունիսին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի անկման պայմաններում որոշակի թերահավատության պատճառ կա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Էրդողանի վարկանիշը բարձրացել է Սիրիայում թուրքական նախորդ չորս ռազմական գործողություններից հետո, սակայն անցյալ աշնանը նոր ներխուժումն արգելափակվել էր Ռուսաստանի եւ Իրանի դիմակայությամբ:

Ե՛վ ՔԱԿ-ը, եւ՛ ջոկատները հերքում են իրենց պատասխանատվությունը, իսկ Իրաքում Թուրքիայի շարունակական ներգրավվածությունը բացառում է նոր անդրսահմանային գործողություն Սիրիայում: Փոխարենը Թուրքիան նախընտրում է ԱՄՆ-ի դեմ հանդես գալ։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր անդամ, այժմ ընդդիմադիր պատգամավոր Աբդուլաթիֆ Շեները ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը պատրաստ է Թուրքիան ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ իշխանությունը պահելու համար։ 2015 թվականի հունիսին ԱԶԿ-ն կորցրեց իր բացարձակ մեծամասնությունը, երբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (ԺԴ) կուսակցությունը հաղթահարեց ընտրական շեմը՝ ստանալով խորհրդարանական 550 մանդատներից 80-ը։ Հետեւաբար, ԱՄՆ-ի հետ գործարքի արդյունքում Էրդողանը վերսկսեց պատերազմը ՔԱԿ-ի դեմ եւ 2015-ի նոյեմբերին կայացած արտահերթ ընտրություններում ԱԶԿ-ին վերադարձրեց մեծամասնությունը։

Որոշակի բանավեճեր եղան այն մասին, թե ինչի է պատրաստ Թուրքիայի նախագահը, որպեսզի կանխի հաջորդ հունիսի ընտրությունների դեմոկրատական արդյունքը: Իսկապես, ԺԿ-ի առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բանտարկված է 2016 թվականից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը ուժեղ մրցակից է, սպառնում է չորս տարվա ազատազրկում եւ քաղաքական արգելք։ Միաժամանակ կառավարությունը նախատեսում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմության գլխավոր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ինչպես նաեւ 64 այլ պատգամավորների։

2014-ի մարտի վերջին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից քիչ առաջ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, պետքարտուղարի տեղակալ Ֆերիդուն Սինիրօղլուի, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յաշար Գյուլերի եւ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարՀաքան Ֆիդանի հանդիպման աուդիոձայնագրության արտահոսք եղավ։ Ձայնագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կեղծ դրոշակային գործողություն էր ծրագրվել՝ թուրքական զինուժին Սիրիա ներխուժելու հնարավորություն տալու համար։ Այն բանից հետո, երբ Սինիրօղլուն արդարացում էր պահանջել, Ֆիդանը պատասխանել էր. «Հարկ եղած դեպքում կարող եմ հիմնավորում ներկայացնել»: Սինիրօղլուն ասել էր նաեւ, որ «մեր ազգային անվտանգությունը դարձել է ներքին քաղաքականության սովորական, էժան գործիք», սակայն չնահանջելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Այն ժամանակվա վարչապետ Էրդողանը արտահոսքն անվանել էր «չարագործություն», սակայն դրա իսկությունը երբեք չի հերքվել:

Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Մ. Հերշի զեկույցը նմանատիպ հարց է բարձրացրել՝ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի արվարձան Ղուտայում զարինի օգտագործման վերաբերյալ, որը, ինչպես ակնկալվում էր, կստիպի ԱՄՆ-ին անցնել նախագահ Բարաք Օբամայի «կարմիր գիծը»:

Մերձավոր Արեւելքի փորձառու լրագրող Սեթ Ֆրանցմանն իր «ԴԱԻՇ-ից հետո» գրքում փաստել է, որ ԴԱԻՇ-ը պայթուցիկ նյութերի եւ վառելիքի գնումների ու Թուրքիա ուղղակի առաքումների մեծ ցանց է կառավարում։

Ավելին, ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին հուշագրում ասվում է, որ ֆինանսական միջոցներ փոխանցելու համար ԴԱԻՇ-ը հաճախ է ապավինում Թուրքիայի լոգիստիկ կենտրոններին:

2015-ին Անկարայում խաղաղ երթի ժամանակ Թուրքիայի պատմության ամենամահաբեր ահաբեկչությունից հետո, Էրդողանը հարձակման համար մեղադրել էր «ահաբեկչական խմբավորմանը», որը բաղկացած է ՔԱԿ-ից, ԴԱԻՇ-ից, սիրիական հետախուզությունից եւ Սիրիայի քրդական դեմոկրատականական միությունից: Սակայն պարզվել էր, որ հարձակվողները ԴԱԻՇ-ի երկու մահապարտներ են եղել։

Էրդողանի ընտրական հեռանկարների վերաբերյալ վերլուծաբան Գրեգ Քոփլին միանշանակ է արտահայտվում։ «Էրդողանը սահմանափակ ժամանակ ունի, որպեսզի վերականգնի իր դիրքերը կա՛մ ընտրություններում, կա՛մ ազգային անվտանգության արտակարգ իրավիճակի հետ կապված որեւէ ֆորս-մաժոր սահմանի՝ հաջորդ ընտրությունները չեղյալ համարելու կամ կանխելու համար»: «Ի վերջո, Էրդողանին հաջողվեց կազմակերպել «ձախողված հեղաշրջման փորձ» 2016 թվականի հուլիսի 15-16-ը՝ իր քաղաքական եւ ռազմական մրցակիցներին գայթակղելու եւ ճնշելու համար, ինչպես Ադոլֆ Հիտլերի նացիստները ստղծեցին բեմադրված հեղաշրջում 1934թ․ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ