News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016 թվականից Թուրքիան մի շարք հարձակումներ է սկսել հարեւան Սիրիայում՝ թիրախավորելով քուրդ զինյալներին, «Իսլամական պետության» ծայրահեղականներին եւ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին, գրում է AFP լրատվականը:

Վերջինս՝ Իրաքում եւ Սիրիայում, որը կոչվում է «Ճանկ-սուր» գործողություն, տեղի է ունենում հունիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ, որոնցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հենվելու է իր ազգայնական կողմնակիցների վրա՝ փորձելով հաղթել:

Նրա կառավարությունը ասում է, որ պետք է պաշտպանի Սիրիայի սահմանի երկայնքով փռված Թուրքիայի հարավային շրջանները՝ «Ժողովրդի պաշպանության զորքեր»-ի (YPG) զինյալների հարձակումներից:

Սակայն, ինչպես նախկին ռազմական գործողությունները, վերջին հարվածը եւս կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի բարդ հարաբերություններում իր արեւմտյան դաշնակիցների՝ հատկապես Միացյալ Նահանգների հետ:

Վաշինգտոնը, «Իսլամական Պետություն» ծայրահեղական խմբավորմանը(այսուհետ՝ ԻՊ) հաղթելու համար, որոնք 2014 թվականին Սիրիայից եւ հարեւան Իրաքից զգալի տարածքներ են գրավել, հույսեր է կապում «Ժողովրդի պաշտպանության զորքերի» հետ:

Անկարան YPG-ը դիտարկում է որպես Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) սիրիական ճյուղ։ Կառավարությունը մեղադրել է քուրդ զինյալներին` անցյալ կիրակի Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած մահացու պայթյունի համար։ PKK-ն եւ YPG-ն հերքում են իրենց առնչությունը։

PKK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն արգելված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից։ Անկարան ցանկանում է, որ Վաշինգտոնը խզի հարաբերությունները YPG-ի հետ եւ լիովին աջակցի թուրքական արշավներին Սիրիայում:

«Եփրատի վահան»

2016 թվականի օգոստոսից մինչեւ 2017 թվականի մարտը Թուրքիայի առաջին հարձակման ընթացքում թիրախավորվել են ինչպես ԻՊ-ի ծայրահեղականները, այնպես էլ YPG-ի զորքերը հյուսիսային Հալեպ նահանգում: Դիմելով դաշնակից սիրիացի ապստամբների օգնությանը՝ թուրքական զորքերը գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Ժարաբլոսը եւ Ալ Բաբը: Գործողությունը Անկարային թույլ են տվել բուֆերային գոտի ստեղծել Թուրքիայի եւ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող տարածքների միջեւ:

«Ձիթենու ճյուղ»

Թուրքիայի երկրորդ հարձակումը 2018 թվականի հունվարից մարտն ուղղված էր բացառապես YPG-ի մարտիկների դեմ հյուսիս-արեւմտյան Աֆրին շրջանում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը: Այն մինչ օրս մնում է Թուրքիայի սիրիացի ապստամբների հսկողության տակ:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ անկլավի 320 հազար բնակիչների կեսը փախել է հարձակման ժամանակ:

«Խաղաղության գարուն»

Թուրքիան լայնածավալ օդային եւ ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ այն ​​բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի հոկտեմբերին դուրս է բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից: Արշավի ընթացքում սիրիացի ապստամբները թուրքական զինուժի աջակցությամբ վերահսկողության տակ են վերցրել թուրք-սիրիական սահմանի 30 կիլոմետր լայնությամբ շերտը։

Գործողությունը լայնորեն դատապարտվել է Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել թուրքական որոշ նախարարությունների նկատմամբ, մինչդեռ ԵՄ մի քանի երկրներ սահմանափակել են Անկարային զենքի վաճառքը։

«Գարնանային վահան»

Ի տարբերություն այլ հարձակողական գործողությունների, 2020 թվականի փետրվարին մեկնարկած հարձակումը հատուկ նախատեսված էր Իդլիբ նահանգում սիրիական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար:

Անօդաչու թռչող սարքի հարվածների արշավը հղի էր աշխարհաքաղաքական ռիսկերով՝ սպառնալով հակադրել Թուրքիային Ռուսաստանի դեմ: Գործողությունը տեւել է մեկ շաբաթ, եւ նախագահ Էրդողանը մեկնել է Մոսկվա՝ ստորագրելու համաձայնագիր, որը երաշխավորում է հրադադարը Իդլիբում:

2020 թվականի մարտին Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել անվտանգության միջանցք՝ թուրք-ռուսական համատեղ պարեկներով M4 մայրուղու նշանակված հատվածում։

Թուրքիան ի սկզբանե ձգտում էր տապալել Ասադին, երբ սիրիական հակամարտությունը բռնկվեց 2011 թվականին:

Սակայն տարբեր ապստամբ խմբերին աջակցելուց հետո Անկարան վերջերս իր ուշադրությունը սեւեռել է կանխելու այն, ինչն Էրդողանը 2019 թվականին անվանել է «ահաբեկչության միջանցք» Սիրիայի հյուսիսում: Բացի YPG-ի դեմ պայքարելուց, նա նաեւ ձգտում է կանխել սիրիացի փախստականների նոր ալիքը դեպի Թուրքիա։

Էրդողանը այս շաբաթ ազդարարել է, որ կարող է վերանայել հարաբերությունները Ասադի հետ. «Հունիսի ընտրություններից հետո մենք կարող ենք զրոյից սկսել»։

Էրդողանն ի սկզբանե ջերմորեն ընդունել է սիրիացի փախստականներին՝ օգտագործելով ԵՄ ֆինանսավորումը ավելի քան 3,6 միլիոն միգրանտների եւ փախստականների տեղավորելու համար:

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 764 կիլոմետրանոց պատի կառուցումն ավարտել է 2018 թվականի հունիսին եւ այժմ մեկ այլ պատվէ կառուցում Իրանի հետ՝ Աֆղանստանից ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ