News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Որպես բեմահարթակ մեծ տուփ, որպես լույսի աղբյուր լամպ եւ որպես էկրան սպիտակ թուղթ օգտագործելով՝ Ալետա Հակոբյանը հետաքրքիր ներկայացումներ է կազմակերպում ստվերների իր թատրոնում, գրել է «Սինհուան»։

Ստվերների թատրոնի 30-ամյա սիրահարը իր մի քանի ներկայացումներ տեղադրել է ինտերնետում, ինչով գրավել է ցանցի օգտատերերի ուշադրությունը։ Ալետան նշել է, որ ստվերների խաղը համարում է չինական առասպելների, լեգենդների եւ մշակույթի մասին պատմելու հիանալի միջոց։

Ալետան  Չինաստան է եկել Հայաստանից երեք տարի առաջ, որպեսզի անգլերենի ուսուցիչ աշխատի։ Նա եղել է շատ վայրերում՝ Պեկինում, Տյանցզինում, Շանհայում, Յուննանում եւ Շանդունում։ Նրա խոսքով՝ իրեն դուր են գալիս երկրի գեղեցիկ բնապատկերները եւ տարատեսակ սովորությունները, բայց ամենից շատ հրապուրվել է տեղի բանահյուսությամբ եւ առասպելաբանությամբ։ «Դրանք հիասքանչ են, լի իմաստնությամբ»,- ասել է Ալետան։ Նա երկար ժամանակ փնտրել է  ժողովրդական հեքիաթները ներկայացնելու հետաքրքիր միջոց, որոնք լսել է իրեն հանդիպած մարդկանցից։

Նրա սերն արվեստի այս տեսակի հանդեպ սկսվել է այն ժամանակ, երբ դիտել է ստվերների թատրոնի ներկայացումը Սիանի թանգարանում եւ հասկացել, որ դա այն է, ինչում կուզենար փորձել իր ուժերը։

Ստվերների թատրոնը տարածված է Չինաստանում։ Դերասանները մնում են սպիտակ վարագույրի հետեւում, ստվերային տիկնիկներ են «խաղացնում», որոնք պատրաստված են կենդանիների կաշվից, տեղի օպերաների երաժշտության ներքո։ 2011թ. ստվերների թատրոնների ներկայացումները մտցվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ։

«Ես շատ հուզված էի, երբ առաջին անգամ տեսա ստվերների թատրոնի ներկայացում չինացի հայտնի գեներալի մասին։ Թանգարանի աշխատակիցներն ինձ հրավիրեցին դիտելու կաշվե տիկնիկները, եւ ես տպավորվել էի դրանց վառ գույներով եւ ճկունությամբ»,- նշել է Ալետան։

Դրանից հետո Ալետան սկսել է որոնել սեփական բեմ ստեղծելու միջոց՝ սեփական ստվերների թատրոնի համար։ Ուսումնասիրելով տեսանյութերը՝ նա կառուցել է այն տուփից, լամպից եւ սպիտակ թղթից ու այլ առարկաներից։ Ալետան նաեւ ստվերային տիկնիկներ է պատրաստել, բայց կենդանիների կաշվի փոխարեն, որոնք օգտագործվում են ավանդական տիկնիկների համար, նա օգտագործել է թուղթ։ «Ես տպագրեցի խամաճիկների ֆիգուրները թղթի վրա, իսկ հետո զգույշ կտրատեցի դրանք։ Սիլուետները պետք է հստակ լինեին, ուստի ես պետք է զգույշ լինեի»,- ասել է նա։

Նրա առաջին ներկայացումը սիրո հուզիչ պատմություն էր չինական լեգենդից։ «Սիրո, լուսնի եւ միավորման հույսի պատմություն, ինչը համընկնում է ընտանիքի միավորման թեմայի հետ Չինաստանում Աշնան կեսի փառատոնին»,- ասել է Ալետան։

Իր պատմությունները հարստացնելու համար Ալետան ուսումնասիրում է ավանդական չինական մշակույթը։ Ցիսիի փառատոնի կամ չինական Սուրբ Վալենտինի տոնի հետ կապված տեսարաններ նկարելով՝ նա շատ բան է իմացել ավանդական չինական հարսանիքների մասին։ Չինական լեգենդի չար Նիան գազանի մասին պատմելու համար նա փորձել է  կերպարներն ու շենքերն այնպես դասավորել, որ հանդիսատեսն ավելի լավ հասկանա պատմությունն ու դրա հետ կապված չինական մշակույթը։

Ալետայի տեսահոլովակները գրավել են շատերի սիրտը Հայաստանում։ Նիան գազանի մասին տեսանյութը անգամ գրավել է հայկական հեռուստաալիքի ուշադրությունը։

Դիտողներից ոմանք նշել են, որ տեսահոլովակներն իրենց թույլ են տվել ավելի լավ հասկանալ Չինաստանը։

Դա Ալետային մղել է շարունակել տեսանյութեր նկարահանել։ Ներկայում նա նոր պատմություն է գրում՝ հիմնված հնագույն չինական պոեզիայի վրա։ «Երբ իմ չինարենի իմացությունը թույլ տա, ես կնկարահանեմ տեսանյութեր հայկական առասպելների, լեգենդների եւ սովորությունների մասին եւ մեր մշակույթը ներկայացնել չինական լսարանին»,- ասել է Ալետան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ