News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազոտի օքսիդի ռեկրեացիոն օգտագործումը, որը նաեւ հայտնի է որպես «ուրախացնող գազ», աճում է եվրոպացի երիտասարդների շրջանում՝ առաջացնելով տագնապալի թվով թունավորումներ։ Այս մասին ասվում է Եվրամիության թմրամիջոցների վերահսկման EMCDDA գործակալության կողմից անցկացված հետազոտության մեջ, հայտնում է Reuters-ը։

Էյֆորիայի, հանգստության եւ իրականությունից կտրվածության զգացողություն առաջացնող նյութի տարածումը պայմանավորված է առանց դեղատոմսի լայն հասանելիությամբ, ցածր գնով, հեշտ օգտագործմամբ եւ դրա անվտանգության մասին թյուր պատկերացմամբ:

Այն բժշկական, արդյունաբերական եւ կոմերցիոն օգտագործման օրինական լայն կիրառում ունի, հատկապես որպես պրոպելենտ՝ հարած սերուցքի համար դոզատորներում կամ ջրի սիֆոններում, որի համար այն առցանց կամ սուպերմարկետներում վաճառվում է կոմպակտ, էժան քարթրիջներով:

Եվրոպական որոշ երկրներում առանձնահատուկ մտահոգություն է ծագել 2017 թվականից, երբ հայտնվել են գազի ավելի խոշոր շշեր, որոնք նախատեսված են եղել ռեկրեացիոն շուկայի համար՝ հաճախ գրավելով թմրանյութերի օգտագործման մեջ անփորձ դեռահասներին։

Քարթրիջները սովորաբար օգտագործվում են երեկույթների համար բալոնները լցնելու ճանապարհով, որոնցից գազը հետո շնչում են, սակայն վերջերս օգտագործողները շնչում են անմիջապես դոզատորներից կամ քարթրիջներից՝ ստեղծելով սառը այրվածքների եւ թոքերի վնասման բարձր ռիսկ:

Այն նաեւ ազդում է ուղեղի եւ ողնուղեղի մի քանի ցանցերի վրա:

Դանիայում ազոտի օքսիդով թունավորման դեպքերի թիվը 2015-ին 16-ից անցյալ տարի հասել է 73-ի, Ֆրանսիայում թունավորման դեպքերը 2020-ին հասել են 134-ի՝ 2017-ին գրանցված 10-ից:

Միացյալ Թագավորությունում ազոտի օքսիդը կանեփից հետո երկրորդ ամենատարածված թմրամիջոցն է 16-24 տարեկան երիտասարդների շրջանում, ըստ EMCDDA-ի:

Գազի օգտագործումը վերահսկելու համար գործակալությունը առաջարկում է կրճատել փաթեթների չափը, արգելել վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց կամ գիշերային ժամերին, երբ խնջույքների մասնակիցներն են գնում այն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ