News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ինձ թվում է, որ խաղաղության պայմանագրի հարցն առաջին հերթին կախված է հայկական կողմի ճկունությունից եւ Ադրբեջանի քաղաքական առատաձեռնությունից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ընթացքում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։

Նրա խոսքով, շատ քաղաքական գործիչներ, հատկապես Արեւմուտքում, Հայաստանին համոզում են փակել Լեռնային Ղարաբաղի հարցը եւ խաղաղության պայմանագիր կնքել՝ տարբեր բոնուսներ խոստանալով Հայաստանին։

Նա հավելեց, որ հայկական կողմը պատրաստ չէ դրան եւ դեռեւս պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի՝ հաշվի առնելով այս տարածքի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։

Փորձագետը կարծում է, որ չլուծված խնդիրը խաղաղության համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտն է։

«Ռուսաստանն այժմ պատրաստ չէ պնդել, որ Հայաստանը փակի այս հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դիմաց։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ խնդիր է, եւ դրա լուծման համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։

Ներկայումս պայմաններ չկան այս հարցը ինչ-որ կերպ փակելու համար՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը։

Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ապագայի վերաբերյալ կասկածներ, անվստահություն, մտավախություն կա, ինչպես նաեւ մտավախություն՝ ԼՂ տարածքում ստատուս քվոն իր օգտին փոխելու Ադրբեջանի փորձերի վերաբերյալ եւ այլն։ Ուստի այս պահին փակուղի է, սակայն, այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նման իրավիճակներն ի վերջո կարող են լուծում ունենալ, եթե լինի կողմերի քաղաքական կամքը եւ միջազգային միջնորդների արդյունավետ աշխատանքը»,- ընդգծեց Կորտունովը։

Նրա խոսքով, եթե կողմերը հրաժարվեն ռազմական ուժով որոշակի խնդիրներ լուծելուց, ապա հնարավոր կլինի ոչ միայն վերականգնել վստահությունը, այլ նաեւ երաշխավորել այն համայնքների անվտանգությունն ու զարգացումը, որոնք այժմ ապրում են Լեռնային Ղարաբաղի հողում:

«Ինձ թվում է, որ Ադրբեջանը չի ցանկանա վիճել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերի։ Երկիրը բավական բարդ խնդիրներ ունի արդյունավետ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որը վերահսկում է։ Եվ այս բոլոր նախագծերի հաջողության համար, կայունությունը էական գործոն է: Կայունության բացակայության դեպքում Ադրբեջանի համար շատ դժվար կլինի ԼՂ-ն ամբողջությամբ վերաինտեգրել երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքին։ Ուստի որոշակի շահագրգռվածություն կա կայուն միջավայր ունենալու հարցում

Չմոռանանք նաեւ, որ Հայաստանին աջակցում են ոչ միայն դաշնակիցները, այլեւ միջազգային հանրության զգալի մասը։

Սա նույնպես գործոն է, որի հետ Բաքուն այսպես թե այնպես պետք է հաշվի նստի։ Մենք տեղյակ ենք Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարության հայտարարություններին։ Իհարկե, Ադրբեջանը շահագրգռված է կառուցողական հարաբերություններ ունենալ նաեւ արեւմտյան գործընկերների հետ»,- ասաց Կորտունովը։

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն միեւնույն ժամանակ նաեւ Ադրբեջանի գործընկերն է, ուստի ռուսական դիվանագիտության դժվարությունը, ինչպես բացատրեց քաղաքագետը, այս եռանկյունում օպտիմալ հավասարակշռություն գտնելն է։

«Մոսկվան հասկանում է նաեւ, որ միակ արտաքին խաղացողը չէ, որը ներկա է Հարավային Կովկասում։ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Թուրքիայի դիրքորոշումը, թուրքական ներկայությունը տարածաշրջանում, Ռուսաստանը պետք է հաշվի առնի Իրանի դիրքորոշումն ու շահերը, հատկապես այսօր, երբ մեծանում է Իրանի եւ Թուրքիայի օբյեկտիվ նշանակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար։ Սա շահերի, զիջումների եւ այն որոշումների համալիր հավասարակշռությունն է, որոնք իդեալական չեն լինի։ Սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը բավական արդյունավետ ազդեցության լծակներ ունի հակամարտության բոլոր կողմերի վրա, եւ, իհարկե, ՀԱՊԿ գագաթաժողովից հետո, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը, Կրեմլը կմտածի, թե ինչպես հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ լծակները։

Պետք է հաշվի առնել սեփական շահերը հետապնդող բազմաթիվ արտաքին խաղացողների առկայությունը, մանավանդ որ այսօր Ռուսաստանի եւ Արեւմուտքի փոխգործակցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ հաճախ ընկալվում է որպես զրոյական գումարով խաղ»,- ընդգծեց քաղաքագետը։

Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ նրա, այնքան էլ հավանական չէ։

Կարծում եմ, որ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կշարունակվեն, եւ կողմերը աստիճանաբար կգնան դեպի ինչ-որ փոխզիջման, որի չափորոշիչները այսօր բավականին դժվար է կանխատեսել»,- եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից հետո հինգ ամիս անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանը հուղարկավորվեց
Նրա մարմինը Ադրեբեջանը Հայաստանին էր փոխանցել հունվարի 27-ին, Ներքին Հանդի ուղղությունից․․․
Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել. Չավուշօղլու
«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող...
Թուրքիայի պաշտպանության նախարարը նույնպես պահանջում է «Զանգեզուրի միջանցք» 
Պաշտոնական Երեւանը միանշանակ հայտարարել է, որ արտատարածքային միջանցք չի լինելու․․․
Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ Լավրով
Առաջարկը դեռ սեղանին է եւ եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ շահագրգռված են․․․
«ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ–ն պատասխանել է Թովմասյանին
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ ԱԺ...
ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան…
Ամենաշատ