News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ձգտում է հրապուրել Հնդկաստանին՝ նրան իր կողմը գրավելով զենքի հիմնական մատակարարից՝ Ռուսաստանից, գրել է Politico-ն։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեքորնյուն կիրակի կմեկնի Հնդկաստան, որպեսզի ամրապնդի կապերը Փարիզի վաղեմի դաշնակցի հետ՝ հաջորդ տարեսկզբին նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցի շեմին։ Պաշտոնական այցն ավելի շուտ կրելու է դիվանագիտական բնույթ, քան լինելու է France Inc-ի արտադրության զենքը վաճառելու անխիղճ փորձ, բայց ուժային բաղադրիչն անտեսելն անհնար է։

1993-ից Հնդկաստանը եւ Ֆրանսիան համատեղ ռազմածովային զորավարժություններ են իրականացնում, եւ Ֆրանսիան արդեն Ռուսաստանից հետո զենքի թիվ 2 մատակարարն է Հնդկաստաի համար։ Հօգուտ ֆրանսիայի է խոսում միայն այն, որ պատերազմն Ուկրաինայում ի հայտ է բերել ռուսական զենքի եւ Մոսկվայի՝ պատժամիջոցների պայմաններում արտահանման համար արտադրության ժամկետները պահպանել չկարողանալու հետ կապված մտավախություններ։

Հնդկաստանի համար, որը գտնվում է միջուկային զենք ունեցող երկու պետությունների՝ արեւելքում Պակիստանի եւ հյուսիսում էլ ավելի ագրեսիվ Չինաստանի միջեւ, զենքի արդյունավետությունը լուրջ խնդիր է։ Չնայած վերջին տարիներին մատակարարների դիվերսիֆիկացմանը՝ Ռուսաստանը նախկինի պես մատակարարում է Հնդկաստանի զենքի մոտ կեսը։

«Նյու Դելիում սուր զգացվում է դիվերսիֆիկացման, նոր աղբյուրների որոնման անհրաժեշտությունը, եւ Ֆրանսիան արդեն դիտարկվում է որպես կարեւոր գործընկեր»,- ասել է Մարշալի գերմանական ֆոնդի ԵՄ-ի եւ Հնդկաստանի գծով փորձագետ  Գարիմա Մոհանը։

Ֆրանսիացիների պաշտոնական վարկածն այն է, որ Լեքորնյուի այցը, իբր, կապված չէ զենքի հետ։

«Մենք պատրաստվում ենք գնալ այնտեղ ոչ թե ռազմական տեխնիկա վաճառելու համար, այլ մեր նպատակը հարաբերությունների կարեւորությունն ընդգծելն է»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության խորհրդականը՝ ավելացնելով, որ Լեքորնյուին հրավիրել են հնդկական «Վիքրանտ» ավիակիր՝ «ի նշան բարի կամքի Ֆրանսիայի եւ Հնդկաստանի միջեւ»։ «[Բայց] մենք նրանց կարող ենք ցույց տալ, որ գոյություն ունեն ռուսական զենքի եվրոպական այլընտրանքներ»,- ասել է նա։

Ֆրանսիայի համար մեծ փորձություն կլինի այն, թե կկարողանա արդյոք իսկապես մեծացնել արտադրական հզորությունները, որպեսզի բավարարի այնպիսի ռազմական ծանրքաշայինի հսկայական պահանջմունքները, ինչպիսին Հնդկաստանն է։

Հնդկական ռազմական պայմանագրերի մրցավազքում Ֆրանսիան փորձում է առաջ անցնել։ Անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ G20-ի շրջանակում քննարկել է «ռազմավարական գործընկերության խորացումը»՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակիցներին հավաստիացրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում իր ներկայությանը։

«Սա ամենակարեւոր համագործակցությունն է Եվրոպայում։ Որոշ իմաստով այս «հատուկ հարաբերություններն» ավելին են, քան հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։ Ֆրանսիան եւ Հնդկաստանը միշտ ուժեղ գործընկերներ են եղել»,-ասել է Մոհանը՝ ռազմածովային գործողությունները, օպերատիվ համատեղելիությունը եւ հետախուզական տվյալների հավաքումը նշելով որպես համագործակցության ոլորտներ։

Հնդկաստանին մեծությամբ երկրորդ զենքի մատակարարը լինելով՝ Ֆրանսիան անցյալում խոշոր գործարքներ է կնքել, օրինակ՝ Rafale կործանիչի մատակարարման պայմանագիրը։ Ռազմածովային ոլորտում հարաբերությունները խորացել են, քանի որ Հնդկաստանը եւ Ֆրանսիան, որոնք մի շարք կղզիներ եւ ընդարձակ ծովային արգելված գոտի ունեն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, շփման կետեր են գտնում ավելի ագրեսիվ Չինաստանի հետ։

«Չինաստանը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի միջեւ շփման կետերից մեկն է։ Նրանք պետք է հետեւեն, թե ինչ է անում Չինաստանը կապեր հաստատելու եւ ռազմանավեր եւ սուզանավեր տեղակայելու հարցերում»,- ասել է Փարիզի համալսարանի Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի դասախոս Իզաբել Սեն-Մեզարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ