Թուրքիան առաջիկա ամիսներին կարող է դեսպան նշանակել Եգիպտոսում, հայտարարել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Sabah-ը։
Նրա խոսքով՝ Անկարան եւ Կահիրեն կարող են վերականգնել դիվանագիտական լիարժեք հարաբերությունները եւ «առաջիկա ամիսներին» դեսպաններ վերանշանակել։ Նա նշել է, որ Թուրքիան եւ Կահիրեն կարող են վերսկսել դիվանագիտական խորհրդակցությունները փոխարտգործնախարարների գլխավորությամբ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Տարիներ շարունակ լարվածությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա սկզբին Կատարում սեղմեց իր եգիպտացի գործընկեր Աբդել-Ֆաթթահ աս-Սիսիի ձեռքը:
Ձեռքսեղմումը եւ կարճատեւ հանդիպումը հետախուզության պաշտոնյաների միջեւ կուլիսային դիվանագիտության դուռ են բացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Երկու երկրների հետախուզական պատվիրակությունները հանգստյան օրերին հանդիպել են Եգիպտոսում, հայտնել է իրավիճակին ծանոթ տարածաշրջանի աղբյուրը: Երկրորդ աղբյուրը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ասել է, որ կողմերը սկսել են «կարեւոր» բանակցությունները։ Թուրքիան եւ Եգիպտոսը պատրաստվում են բանակցություններ սկսել ռազմական, քաղաքական եւ առեւտրային հարցերի շուրջ, ներառյալ էներգետիկ նախագծերը: