News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի ռազմական հնարավորությունների արագ առաջխաղացումը աճող վտանգներ է ստեղծում տիեզերքում ԱՄՆ-ի տիրապետության համար, ասել է ԱՄՆ տիեզերական ուժերի շտաբի պետ Նինա Արմանյոն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Պեկինը զգալի առաջընթացի է հասել ռազմական տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արբանյակային հաղորդակցությունը եւ բազմակի օգտագործման տիեզերանավերը, որոնք թույլ են տալիս երկրներին արագ ընդլայնել իրենց տիեզերական ծրագրերը:

«Կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է, որ նրանք կարողանան հասնել եւ գերազանցել մեզ»,- ասել է Արմանյոն Սիդնեյում կայացած միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտը: «Առաջընթացը, որին նրանք հասել են, ապշեցուցիչ է, ապշեցուցիչ արագ»:

Պատմականորեն հետ մնալով տիեզերական մրցավազքում, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են գերիշխում, Պեկինը վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել, որոնք անհանգստացրել են Վաշինգտոնին եւ արեւմտյան այլ երկրներին:

Լուսնի հետազոտության չինական ծրագրի ղեկավար Յե Պեյցիանը Լուսինը եւ Մարսը համեմատել է Հարավչինական ծովում վիճելի կղզիների հետ:

Չինաստանը նաեւ փորձարարական տեխնոլոգիաներ է մշակում, որոնք ուղղված են աստղակերպերից եւ փոքր մոլորակներից բնական ռեսուրսների կորզմանը:

«Չինաստանը միակ երկիրն է, որը մտադիր է փոխել միջազգային կարգը եւ ունի աճող տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեխնոլոգիական ուժ՝ այս նպատակին հասնելու համար»,- ասել է Արմանյոն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ մեկտեղ Չինաստանը նաեւ «անխոհեմ» հրթիռային փորձարկումներ է իրականացրել, որոնց հետեւանքով վերջին տարիներին վտանգավոր քանակությամբ տիեզերական աղբ է առաջացել: «Աղբի այս դաշտերը սպառնում են մեր բոլոր համակարգերին տիեզերքում, եւ այդ համակարգերը կենսական կարեւոր նշանակություն ունեն բոլոր երկրների անվտանգության, տնտեսական եւ գիտական շահերի համար»,- ասել է նա:

Տիեզերական ուժերը, որ հիմնադրվել են 2019 թվականին, մասամբ որպես չինական աճող կարողությունների դեմ պայքարելու փորձ, ԱՄՆ զինված ուժերի չորրորդ ստորաբաժանումն են, որի առաջին անփոփոխ ղեկավարը Արմանյոն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ