News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճարտարապետության պատմությունը հեղափոխած ամենաազդեցիկ  ճարտարապետներից մեկի՝ Զահա Հադիդի հիմնադրած բրիտանական հեղինակավոր ընկերության՝  Zaha Hadid Architects-ի տնօրենը հիացած է Երեւանի պատմական ճարտարապետությամբ: Ֆիլիպո Ինոսենտին, որը Հայաստանում է «Ռենշին» ներդրումային, քաղաքաշինական ընկերության  եւ «Համաշխարհային առեւտրի կենտրոններ» ասոցիացիայի երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Երեւանից ստացած իր տպավորություններից:

Zaha Hadid Architects

g1.jpg (98 KB)

Zaha Hadid Architects-ը համարվում է նորարարական ճարտարապետության ոճ թելադրող աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության նախագծած՝ անսովոր դիզայնով, ոլորվող ուրվագծերով շինությունները փոխել են ճարտարապետության ավանդույթները: Հիմնադիր Զահա Հադիդը, որը մահացել է 2016 թվականին, ապագայի ճարտարապետության արտասովոր ժառանգություն է թողել՝ նախագծելով 20-րդ դարի լավագույն շինությունները:  Ընկերությունը նրա մահվանից հետո շարունակում է լինել առաջատարներից մեկը այս ոլորտում: Վերջին նախագծերը ներառում են Պեկինի «Դասինգ» օդանավակայանը, Քաթարի «Ալ Ջանուբ» մարզադաշտը, որտեղ նաեւ աշխարհի առաջնության խաղերն են այժմ ընթանում:

Ճարտարապետական համաշխարհային հսկան՝ Երեւանում

g2.jpg (79 KB)

Zaha Hadid Architects-ը Երեւանում կառուցվելիք՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնը նախագծելու թեկնածուներից մեկն է: Ընկերության տնօրենը եւ փոխտնօրենը Հայաստանում են՝ նաեւ տեղանքը ուսումնասիրելու նպատակով, որը նրանց կօգնի միջավայրին համահունչ նախագիծ մշակել:

Ընկերության տնօրեն Ֆիլիպո Ինոսենտին առաջին անգամ է Երեւանում, ասում է՝ երբ այցելում են երկրներ, որտեղ դեռ ոչ մի նախագիծ չեն իրականացրել, ձգտում են հանդիպել տեղի երիտասարդության, քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել քաղաքի ճարտարապետությունը եւ փոխանակվել հնարավոր նախագծերի վերաբերյալ գաղափարներով:

«Մեզ համար գաղափարների փոխանակությունը շատ կարեւոր է հատկապես այն երկրներում, որոնց մենք ծանոթ չենք։ Դա ինչ–որ առումով նաեւ թարմություն է բերում, բացի այդ՝ ի վերջո, շենքեր նախագծելով մենք նաեւ նախագծում ենք, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ քաղաքում»,- ասում է Ֆիլիպո Ինոսենտին:

Երեւանը ոգեշնչել է իտալացի ճարտարապետին

g3.jpg (77 KB)

Ֆիլիպո Ինոսենտին հիացած է Երեւանի պատմական ճարտարապետությամբ:

Նա ասում է՝ իրենց համար շատ հետաքրքիր են սովետական շրջանի կառույցները, որոնք տեսել են Երեւանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, «Ռոսիա» կինոթատրոնը:

«Մենք տպավորված ենք: Այցելեցինք թանգարան, որտեղ ներկայացված էր ժամանակից ճարտարապետության հոյակապ ժառանգությունը, որ Հայաստանն ունի: Թանգարանը ֆանտաստիկ էր, ոգեշնչող»,- ասում է նա:

«Մենք պարզապես սիրահարված ենք մուգ տուֆին, որն այստեղ օգտագործվում է։ Անձամբ ես ինձ տանն եմ զգում, քանի որ քաղաքի ծայրամասերը շատ են հիշեցնում Իտալիան։ Օրինակ, շատ նման է Միլանին»։

Երեւանը՝ թրենդի մեջ

Փորձառու ճարտարապետի կարծիքով՝ Երեւանի փոքր լինելը  մի շարք առավելություններ է տալիս. քաղաքը հարմար է առանց տրանսպորտի, ոտքով տեղից տեղ գնալու համար, իսկ քաղաքային ճարտարապետության ժամանակակից թրենդը քաղաքները քայլելու համար ավելի հարմարավետ դարձնելն է։ Երեւանում, Ֆիլիպո Ինոսենտիի խոսքով, այդ հնարավորությունը շատ ավելի մեծ է՝ բարենպաստ եղանակով պայմանավորված:

«Երեկ ես ամեն տեղ քայլելով եմ գնացել։ Այնպես որ, այդ հնարավորությունը, որ տալիս է քաղաքը, միանշանակ, հրաշալի ռեսուրս է»,- ասում է նա:

Ճարտարապետը նաեւ Երեւանի զարգացմանն առնչվող դիտարկումներ ունի։ Նա կարծում է՝ լավ լուծում կլինի ծայրամասերում քաղաքի կենտրոնի նման կենտրոններ ստեղծելը, որտեղ նույնպես ամեն բան քայլելու հեռավորության վրա կլինի։ Նոր կառուցված հատվածները հին կենտրոնին, նրա խոսքով, կարող են միանալ համապատասխան ենթակառուցվածքների միջոցով։

Բացի այդ՝ ճարտարապետի դիտարկմամբ պետք է մտածել Երեւանի հին,  ճարտարապետական հատուկ ոճով կառուցված շինությունների այլընտրանքային օգտագործման մասին:

«Կարելի է մտածել, թե ինչպես է հնարավոր արդեն ունեցածը օգտագործել՝ ժամանակակից մոտեցում ցուցաբերելով»,- ասում է նա:

Տպել
Ամենաշատ