Ադրբեջանցի խորհրդարանական Սիյավուշ Նովրուզովը, որը հայտնի է իր արտաքո կարգի, եթե չասենք անհամարժեք հայտարարություններով, նոր ծիծաղաշարժ պնդումներ է արել։
Ելույթ ունենալով Միլի մեջլիսում՝ սույն գործիչը հայտարարել է, որ «տպավորություն է ստեղծվում, թե ռուս խաղաղապահներն անհարգալից են վերաբերվում 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը»։
Նովրուզովը նշել է, որ տարածաշրջանային հարցերի կոմիտեն դիմում է պատրաստել ՌԴ Պետական դումայի տարածաշրջանային կոմիտեի համար։
«Արեւմտյան Ադրբեջանում (Հայաստան- խմբ.) մեր հազարավոր տեղանուններ հայերն արդեն փոխել են։ Այս դեպքում անիրավաչափ է այն, որ ռուս խաղաղապահները սեպտեմբերից աջակցում են անջատողականությանը՝ խեղաթյուրելով ադրբեջանական տեղանունները։ Եթե խաղաղապահներն ի վիճակի չեն կատարել իրենց գործառույթները, թող դադարեցնեն իրենց գործունեությունը։ Մեզ խաղաղապահներ են պետք, ոչ թե անջատողականներ»,- ասել է Նովրուզովը։