News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: «Աուդիի» սրահում՝ տոպրակի մեջ, հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին պարեկների օգնությանը:

Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի «Օպել», կանգնեցրին, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը` մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:

Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեցին Նոյեմբերյան, Ստեփանակերտ և Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Շուտով հայտնի դարձավ, որ գիշերվա ժամը չորսին գողացել էին Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները, այն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:

Պարզվեց, որ չորսն էլ գործել էին միասին, իսկ երկու մեքենա օգտագործել էին հանցափաստով չբռնվելու համար: Նրանցից մեկի մոտ դանակ կար, որով, ըստ իր հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները:

Պարզվել է նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Ամենաշատ