News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը համալրում է իր միջուկային ուժերը եւ մինչեւ 2035 թվականը գրեթե չորս անգամ կավելացնի իր միջուկային մարտագլխիկների քանակը՝ արագորեն կրճատելով ԱՄՆ-ից հետ մնալը: Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում։

Զեկույցը հիմնված է զինվորականների անցյալ տարվա նախազգուշացման վրա, որ Չինաստանն ընդլայնում է իր միջուկային ուժերը շատ ավելի արագ, քան կանխատեսում էին ԱՄՆ պաշտոնյաները, ընդգծելով լայն եւ արագացող ռազմական կուտակումը, որը կոչված է թույլ տալու Պեկինին հասնել ԱՄՆ գլոբալ հզորությանը կամ գերազանցել այն մինչեւ դարի կեսը:

Անցյալ տարի Պենտագոնը հայտարարել էր, որ չինական միջուկային մարտագլխիկների թիվը վեց տարվա ընթացքում կարող է հասնել 700-ի, իսկ մինչեւ 2030 թվականը կարող է գերազանցել 1000-ը: Չինաստանը ներկայումս ունի մոտ 400 միջուկային մարտագլխիկ, ասվում է նոր զեկույցում, եւ այդ թիվը մինչեւ 2035 թվականը կարող է հասնել 1500-ի:

Համեմատության համար, ԱՄՆ-ն ունի 3750 ակտիվ միջուկային մարտագլխիկ։

Զեկույցում դիտարկվում է Չինաստանի գործունեությունը 2021 թվականին եւ, հետեւաբար, չի գնահատվում, թե ինչպես կարող է Ուկրաինայում պատերազմն ազդել Չինաստանի ռազմականացման առաջնահերթությունների կամ ռազմավարության վրա, կամ որքանով է այն թուլացրել կամ ամրապնդել Չինաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է պաշտպանության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պաշտոնյայի խոսքով՝ թեեւ Չինաստանը զենք չի տրամադրել Ռուսաստանին ընթացիկ հակամարտությունում, նրա կողմից «ռուսական ապատեղեկատվության տարածումը եւ Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին նրա շարունակական աջակցությունը» այն է, ինչին ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է:

Չինաստանը նաեւ ուշադիր հետեւում է, թե ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ռուսական սպառնալիքին, ասել է Սպառազինությունների վերահսկման եւ չտարածման կենտրոնի քաղաքականության ավագ տնօրեն Ջոն Էրատը:

«Եթե Ռուսաստանը կարողանա հասնել իր նպատակներին միջուկային սպառնալիքների օգնությամբ, Չինաստանը դրանից դասեր կքաղի եւ կարող է նման կերպ սպառնալ Թայվանին կամ հարեւան այլ երկրներին՝ կապված Չինաստանի տարածքային հավակնությունների հետ»,- ասել է Էրատը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ