News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում եւ չի պատրաստվում որեւէ մեկից թույլտվություն խնդրել իր տարածքը պաշտպանելու համար։ Թուրքական պետության այս քաղաքականությունը կարճ եւ տարողունակ ձեւակերպել է նախագահ Էրդողանը։

Մոտ 400 հազարանոց բանակ ունենալով՝ Էրդողանը հայտարարում է, որ բնավ հաշվետու չէ որեւէ մեկի առջեւ։ Ներառյալ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, եւ համարվում է, որ թուրքական բանակը մեծությամբ եւ պատրաստվածությամբ երկրորդն է Դաշինքում։

Անկարայի լիակատար անպատժելիության մասին կարծիքը բնավ անհիմն չէ։ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Հայաստանի եւ Արցախի դեմ։ Բացի ուղիղ ռազմական օգնությունից, Անկարան «կրտսեր եղբորը» ցուցաբերեց նաեւ միանգամայն անօրինական օժանդակություն՝ Մերձավոր Արեւելքից գրոհայիններ նետելով այնտեղ։ Այս փաստը  հրապարակվեց ոչ միայն հայկական, այլեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից։

Բազմաթիվ հրապարակումների եւ հայտարարությունների առնչությամբ NEWS.am-ը դիմել է ՆԱՏՕ-ի քարտուղարություն՝ խնդրելով պատասխանել, թե դաշինքն արդյոք հետաքրքրվել է Թուրքիայի հնարավոր հանցավոր գործողություններով։ Արդյո՞ք որեւէ հետաքննություն կատարվել է՝ հաշվի առնելով այն, որ հանցավոր գործողությունների մասին խոսում է նաեւ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Ֆրանսիան։

Պատասխան նամակը՝ մամուլի ծառայության աշխատակից Դանիելե Ռիջիոյի ստորագրությամբ, խորհուրդ էր տվել դիմել անմիջապես Թուրքիայի իշխանություններին։ Իսկ ՆԱՏՕ-ն կարծես թե կապ չունի։

«Ղարաբաղի դեմ օգտագործվել են ՆԱՏՕ-ի հնարավորությունները, դաշինքը լուռ ընդունել է դա»,- նախօրեին Մադրիդում, Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսում ասել է ՀՅԴ «Հայ դատի» Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը։ Նա հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբերին Ղարաբաղը ենթարկվել է Ադրբեջանի գրոհին՝ Թուրքիայի լուրջ մասնակցությամբ եւ ռազմական աջակցությամբ, որին միացել էին Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստները, Ադրբեջանն օգտվել է ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի ռազմական օգնությունից։ Նալբանդյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անխափան գործել են Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան եւ Բելառուս-Ադրբեջան ավիափոխադրումները։

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ուսումնասիրել է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը, եւ այն չի նախատեսում պատասխանատվություն ագրեսիայի համար. «5-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե կազմակերպության անդամ որեւէ երկրի դեմ որեւէ մեկը հարձակվում է, նշանակում է՝ հարձակվել են ողջ կազմակերպության վրա։ Հետեւաբար, նրանք իրավունք ունեն արձագանքել եւ ուղիղ մասնակցել ագրեսիային դիմակայելուն, որը սկսվել է ՆԱՏՕ-ի անդամ պետության դեմ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետության կողմից։ Բայց ես շատ մանրակրկիտ որոնել եմ գոնե մի ինչ-որ ակնարկ այն մասին, թե ինչ կլինի, եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունն ինքն է հարձակվում՝ լինի ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ, պետության վրա։ Ցավոք սրտի, նման իրավիճակի մասին ոչ մի ակնարկ չկա»։

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ չի կարող այնպես լինել, որ կանոնադրության հեղինակները չպատկերացնեին բազմաթիվ իրադարձություններ, որոնք կարող էին տեղի ունենալ աշխարհում։

«Թուրքիայի դերը Արցախի չճանաչված հանրապետության դեմ ագրեսիայում հայտնի է։ Ուշադրություն դարձնենք Թուրքիայի եւ Հունաստանի, Կիպրոսի հարաբերություններին։ ՆԱՏՕ-ի երկու անդամ պետություն անհաշտ հակամարտության մեջ է, քանի որ, ըստ բոլոր փաստաթղթերի, ԵՄ-ի բնորոշմամբ՝ Թուրքիան ագրեսիա է կատարել մեկ այլ պետության դեմ եւ զավթել է Կիպրոսի հյուսիսային մասը։  Կա ԵՄ-ի որոշումն այս հարցի վերաբերյալ, եւ դա պատճառներից մեկն է, որ Թուրքիային ԵՄ չեն ընդունում։ Դրա համար էլ տեղին կլիներ, եթե անգամ սկզբում ՆԱՏՕ կանոնադրությունում դա նախատեսված չէր էլ, ապա այն պահին, երբ Թուրքիան ագրեսիա կատարեց Կիպրոսի դեմ, մտցնեին հոդված, արձանագրություն, լրացում անդամ պետության ագրեսիային Դաշինքի արձագանքի մասին։ Իսկ այսօր Թուրքիան արդեն սպառնում է Հունաստանին, ընդ որում՝ կոպիտ ձեւով, լկտիաբար։ Եվ ոչ մի արձագանք ՆԱՏՕ-ի կողմից։ Այժմ արդեն պարզ է, որ ՆԱՏՕ-ն իր գործը չի համարել կանգնեցնել Թուրքիային այն պահին, երբ վերջինը կազմակերպել եւ մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային չճանաչված Արցախի Հանրապետության դեմ։ Սա ՄԱԿ բնորոշումն է.  մի պետության զինված հարձակումը մեկ այլ պետության դեմ ագրեսիա է, անկախ այն բանից՝ ճանաչված է նա, թե ոչ։ Սա ՄԱԿ ԳՎ 1974թ. դեկտեմբերի 16-ի 3314 որոշման 1-ին հոդվածի ծանոթագրությունն է»։

Հայաստանի առաջին օմբուդսմենի կարծիքով՝ սա պատահական բացթողում չէ։ «Սա բացթողում է, որ ՆԱՏՕ անդամ պետությունը կարող է անպատիժ ագրեսիա կատարել մեկ այլ պետության դեմ։ Սա անթաքույց, մերկ աշխարհաքաղաքականություն է, երբ շահերի ու դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների միջեւ առաջնահերթությունը տրվում է աշխարհաքաղաքական շահերին։ Աշխարհաքաղաքական շահը կեղծ է հասկացվել։ Պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական շահը կարճ ժամանակի համար է, եւ հաճախ այդ կարճ ժամանակում վիթխարի վնաս է հասցնում հետագայում։ Դրա օրինակը Գերմանիան է։ Կոպիտ ձեւով՝ դա պայքար է նոր հողերի համար, երբ «կենսական տարածքը բավարար չէ այդ ռասայի զարգացման համար»։ Դա օրինակ է, որը պետք է դաս լինի բոլորի համար։ Բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ն դառնում անգլո-սաքսոնական, առավել ագրեսիվ աշխարհաքաղաքական գաղափարի սպասարկուն՝ ղեկավարվելով կարճաժամկետ եւ ըստ իս՝ կեղծ հասկացված աշխարհաքաղաքական շահերով»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։

Ճիշտ նույն կերպ ՆԱՏՕ-ն տարօրինակ օտարվածություն է ցուցաբերում իր սեփական նախաձեռնությունների հետեւանքների հարցում։ 2004թ. փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող ռամիլ սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ փորձեց հաշվեհարդար տեսնել երկրորդ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի հետ։ Այս ահավոր հանցագործությունը տեղի ունեցավ անգլերենի դասընթացների ժամանակ՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Եվ մինչ ցնցված Եվրոպան արտահայտում էր իր զայրույթը, ՆԱՏՕ-ն լռություն էր պահպանում։

NEWS.am-ի թղթակիցը դիմել է Հունգարիայում դատավարության ժամանակ հայկական կողմի շահերը ներկայացնող իրավաբան Նազելի Վարդանյանին՝ հետեւյալ հարցով, թե արդյոք ՆԱՏՕ-ում հայ սպայի սպանության հանգամանքների որեւէ հետաքննություն իրականացվել է։ «Ինձ հայտնի չէ, թե ինչ հետաքննություն են նրանք իրականացրել, եւ առհասարակ ինչ-որ բան արել են։ Դատական փաստաթղթերում նրանց եզրակացությունը չի եղել։ ՆԱՏՕ-ն պարզապես ձեռքերը լվացել է այդ գործից, ասես իրենք չէին պատասխանատու նախագծի մասնակիցների անվտանգության համար։ Ես մշտապես ցանկացել եմ նրանց հարցնել, թե ինչպես է Սաֆարովը հանրակացարան բերել հսկա կացինը, երբ մուտքի մոտ եղել է մետաղորսիչ, եւ կանգնած են եղել պահապաններ»,- ասել է իրավաբանը։

Մինչ ՆԱՏՕ-ն լռում է, Թուրքիան շարունակում է օգտագործել Դաշինքին անդամակցությամբ զարգացրած իր բոլոր լայն հնարավորությունները Ադրբեջանի բանակը կատարելագործելու համար, որը բնավ կազմակերպության անդամ չէ։

Իսկ վերջերս Բաքվում տեղի ունեցան ՆԱՏՕ-ի հերթական օրերը։

Մարիամ Լեւինա, Լիանա Խուդոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ