News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիային ռուսական գազի մատակարարման կենտրոն դարձնելու նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագիրը տեսականորեն կարող է թույլ տալ Մոսկվային քողարկել իր վառելիքի արտահանումը այլ աղբյուրներից, բայց դա կարող է բավարար չլինել եվրոպացիներին համոզելու գնել այն, ասում են վերլուծաբաններն ու աղբյուրները, տեղեկացնում է Reuters-ը:

Այն բանից հետո, երբ պայթյունները, որոնց պատճառները պարզվում են, վնասել են ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի համակարգը Բալթիկ ծովի հատակով, Պուտինը հոկտեմբերին առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Առանց մանրամասներ ներկայացնելու՝ Պուտինն ասել է, որ հանգույցը կարող է համեմատաբար արագ ստեղծվել Թուրքիայում, եւ կանխատեսել է, որ Եվրոպայում հաճախորդները պատրաստ կլինեն պայմանագրեր կնքել:

Առայժմ սրա նկատմամբ հանրային պարտավորություն չի եղել, եւ վերլուծաբաններն ասում են, որ դրա համար անհրաժեշտ կլինեն նաեւ ներդրումներ, ինչպես նաեւ՝ ժամանակ:

«Պե՞տք է արդյոք Եվրոպային այս նախագիծը՝ հաշվի առնելով մոտ ապագայում ռուսական գազից հրաժարվելու ԵՄ երկրների վճռականությունը»,- տարակասում է Մոսկվայի էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտից Ալեքսեյ Գրոմովը։ Նրա խոսքով, անհնար կլինի փոխել գազի հոսքերի կոնֆիգուրացիան Եվրամիության ներսում, քանի որ չկան գոյություն ունեցող միացումներ, որոնք կարող են միանալ առաջարկվող հանգույցին հյուսիս-արեւմտյան Եվրոպայից, որտեղ գազը նախկինում մատակարարվում էր «Հյուսիսային հոսք 1»-ով:

Սակայն գազի եւ խողովակաշարի հզորությունը հասանելի է: Ռուսաստանի արտահանումը Եվրոպա այս տարի նվազել է 43,4 տոկոսով, իսկ «Թուրքական հոսք» գազատարի հզորությունը դեպի Թուրքիա զգալիորեն ցածր է տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր հզորությունից:

Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Զոնգիան Լուոն հաշվել է, որ անհրաժեշտ թանկարժեք նոր ենթակառուցվածքի կառուցման համար կպահանջվի առնվազն 3-4 տարի: «Եթե անգամ հնարավոր լինի նոր գազատար կառուցել, ո՞վ է գնելու այդ գազը»։

«Գազպրոմ»-ի աղբյուրն ասել է, որ կարծում է, թե հանգույցը կնպաստի վաճառքներին: «Դա կլինի ոչ թե ռուսական գազ, այլ գազ՝ հանգույցից»,- ասել է աղբյուրը։

Եվրոպայում առեւտրային աղբյուրը հայտնել է, որ Չինաստանը, որը առաջ է անցել Ճապոնիայից՝ դառնալով հեղուկ բնական գազի աշխարհի ամենամեծ ներկրողը 2021 թվականին, արդեն վերավաճառում է ռուսական ՀԲԳ, որը չունի «արտադրված է Ռուսաստանում» նշում: Նրա խոսքով, հնարավոր է, որ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում գնորդներին չհետաքրքրի, թե որտեղից է ՀԲԳ-ն։

S&P Global Ratings-ի տնօրեն Ալեքսանդր Գրյազնովը, նշելով, որ Եվրոպան էմբարգո չի կիրառել ռուսական գազի նկատմամբ, ի տարբերություն նավթի, ասել է, որ Եվրոպան, հնարավոր է, պատրաստ է Մոսկվայից գնել միջնորդների միջոցով։ «Եվրոպան դժվար թե ցանկանա ուղղակի պայմանագրեր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ, եւ Թուրքիայի սփոթ շուկայում անվճար ծավալներ գնելը քաղաքականապես ընդունելի կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ հանգույցի ստեղծման համար ժամանակ եւ գումար կպահանջվի։

Մոսկովյան Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամից Ալեքսեյ Գրիվաչը նշել է, որ հանգույցը առեւտրի հնարավորություն է տալիս։ «Եթե հանգույցը գործարկվեր, ապա հսկայական հնարավորություններ կստեղծվեին փոխանակման բոլոր տեսակի գործառնությունների համար»,- ասել է նա:

Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին սերտ հարաբերություններ են հաստատել։ Թուրքիան հայտարարել է, որ առաջարկվող հանգույցը հնարավոր է ներառել նաեւ Անդրանատոլիական գազատարում (TANAP), որը ադրբեջանական բնական գազը բերում է թուրքական սահմա:

Անցյալ ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են կրկնապատկել գազատարի թողունակությունը ներկայիս 16 միլիարդ խորանարդ մետրից: Ո՛չ «Գազպրոմը», ո՛չ էլ «Սոկարը» հանդիպման մանրամասներ չեն հայտնել, սակայն այս ամիս Ռուսաստանը համաձայնել է նոր կարճաժամկետ պայմանագրով Ադրբեջանին 1 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել:

Լուոն ասել է, որ գործարքը «որոշ մտահոգություններ է առաջացրել շուկայում» Ռուսաստանի հետ գազի փոխանակման հնարավոր գործարքի վերաբերյալ՝ Եվրոպա ավելի շատ գազ արտահանելու համար:

Թուրքական գազային կենտրոնի առաջարկով Ռուսաստանը վերանայել է գոյություն ունեցող «Թուրքական հոսք» գազատարին երկու ճյուղ ավելացնելու վաղեմի գաղափարը, որպեսզի կրկնապատկվի դրա տարեկան թողունակությունը մինչեւ 63 միլիարդ խորանարդ մետր:

Ըստ «Գազպրոմ»-ի՝ դա ճիշտ համընկնում է Ռուսաստանի կողմից տարբեր երթուղիներով Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իտալիա, Սերբիա, Սլովենիա եւ Թուրքիա 2020 թվականին վաճառված ընդհանուր ծավալներին։

Ռուսաստանը գազատարով, հիմնականում Ուկրաինայի տարածքով, գազ է մատակարարում Եվրոպային՝ օրական ավելի քան 40 միլիոն խորանարդ մետր արագությամբ, որը կազմում է նախկինում Եվրամիությանը վաճառվող քանակի կեսը: Նա նաեւ գազ է մատակարարում Արեւելյան Եվրոպայի հարավային հատվածին, այդ թվում՝ Հունգարիային՝ «Թուրքական հոսք»-ի միջոցով:

Գործող «Թուրքական հոսքը» արժեցել է 3,2 միլիարդ դոլար, մինչդեռ Բալթիկ ծովով երբեք չգործարկված «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը բաժանված է «Գազպրոմ»-ի եւ նրա արեւմտյան գործընկերների միջեւ, պահանջում է եւս 11 միլիարդ դոլար:

Ո՛չ «Գազպրոմը», ո՛չ Կրեմլը չեն ներկայացրել թուրքական հանգույցի գաղափարի ծախսերի նախահաշիվը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս շաբաթ հրաժարվել է պատասխանել Reuters-ի այն հարցին, թե ինչպես կարող է ադրբեջանական գազն օգտագործվել այդ հանգույցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ