News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնագետները պարզել են, թե որտեղի է եղել խորտակված Ուլուբուրունի նավում հայտնաբերված անագը։ Այս մասին տեղեկացրել է Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի մամուլի ծառայությունը։

Ուլուբուրունի նավը փյունիկյան առեւտրանավ էր, որը խորտակվել է մ.թ.ա. XIV դարում անատոլիական ափերի մոտ, ժամանակակից Քիշ քաղաքից հարավ-արեւելք։ Այն հայտնաբերվել է 1982թ., եւ դա իսկական բացահայտում էր առեւտրի եւ ծովագնացության պատմության մասնագետների համար։ Նավը 15 մետր երկարություն է ունեցել եւ կարող էր տեղափոխել 20 տոննա բեռ։

Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի մասնագետ Մայքլ Ֆրաչետին եւ նրա գործընկերները որոշել են պարզել, թե որտեղ է արտադրվել անագը, որը տեղափոխում էր նավը։ Նրանք դրա համար որոշել են ուսումնասիրել դրա իզոտոպային բաղադրությունը. մետաղի յուրաքանչյուր հանքավայր ունի տարբեր իզոտոպների յուրատեսակ համադրություն, ինչի շնորհիվ կարելի է իմանալ, թե որտեղից է հանվել հանքաքարը։ «Վերջին երկու տասնամյակում գիտնականները տեղեկություններ են հավաքել անագի հանքերի իզոտոպային կազմի մասին ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ այն բնական մեխանիզմների վերաբերյալ, որոնց օգնությամբ իզոտոպային կազմը դրա կազմավորման ժամանակ փոխանցվել է անագաքարին»,- նշել են գիտնականները։

Պարզվել է, որ անագի երկու երրորդը ստացվել է Կեստել հանքավայրից, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, իսկ մեկ երրորդը ստացվել է Մուշիստոն հանքավայրից, որը գտնվում է Ուզբեկստանում։ Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ մ.թ.ա. XIV դարում գոյություն է ունեցել զարգացած առեւտրային ցանց, որը ձգվել է հազարավոր կիլոմետրեր։

«Անագի որոնումը մեծ խնդիր էր նախապատմական պետությունների համար։ Մասնագետները երրկար ժամանակ հետաքրքրվել են, թե ինչպես են բրոնզե դարի խոշոր կայսրությունները բավարարել բրոնզի իրենց հսկայական պահանջարկը՝ հաշվի առնելով այն, որ անագը հարաբերականորեն հազվադեպ հանդիպող հանքանյութ է»,- նշել են հետազոտության հեղինակները։ Հիմա գիտնականներն ունեն պատասխան՝ հումքը կարելի էր բերել հեռվից։

Անագը բրոնզի կարեւոր բաղադրիչն է, բրոնզը բարձրտեխնոլոգիական մետաղ էր 1500-ականների համար եւ ավելի ամուր էր պղնձից։ Դրանից պատրաստում էին կենցաղային իրեր, զենք եւ պաշտպանական հանդերձանք։ Ուլուբուրունի նավը նաեւ պղինձ էր տեղափոխում, որը բավական էր 11 տոննա բրոնզի հալույթ ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ