News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատարվածն ուղղակի հանցագործություն է, որը պետք է պատժվի օրենքով, ինչը նաեւ գրված է հուշարձանների պահպանության մասին օրենքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արտակ Ղուլյանը` անդրադառնալով Հանրապեության հրապարակի` հատուկ պահպանվող հուշարձաններ համարվող շենքերը վնասելով լուսավորություն անցկացնելուն:

«Աբսուրդի, անհեթեթության  ժանրից է, չգիտեմ դա անգրագիտության, ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ պատմական հուշարձանների հետ կապված որեւէ խնդիր համաձայնեցվում է մշակույթի նախարարության  գիտամեթոդական խորհրդի հետ` փաստաթղթերով, ամեն ինչով: Ոչ մի տրամաբանության չենթարկվող, պետություն, իշխանություն ունեցող, մշակութային ժառանգության հետ առնչվող վերաբերմունք չէ սա: Կատարվածն ուղղակի հանցագործություն է, որը պետք է պատժվի օրենքով, ինչը նաեւ գրված է հուշարձանների պահպանության մասին օրենքով»,- ասաց նա:

Ճարտարապետը պնդում է` հուշարձաններ համարվող շենքերին հասցված վնասն անդառնալի է, այլեւս հնարավոր չէ դրանք նախկին տեսքին վերադարձնել:

«Նախ չէր կարելի ձեռք տալ դրանց, քանի որ դրանք համարվում են հուշարձան, կարելի էր օգտագործել այնպիսի տեխնիկական պայմաններ, որ առանց քարերին վնաս հասցնելու դա արվեր, ամրակներով եւ այլն, իսկ այս դեպքում ասիական բարբարոսությամբ դրել քարը ծակել, լույս են կախել,որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պետք է հետաքննություն սկսել, պարզել, պատժել եւ կարեւորը դադարեցնել սա: Հասցված վնասը հնարավոր չէ այլեւս վերականգնել, քանի որ տուֆ քարը չի վերականգնվում, հետո էլ քայքայման պատճառ է դառնալու: Բայց ինչն էր պատճառը, որ ծակեցին, սա պետք է պարզել, ինչ է` այդքան կարեւոր էր այդ զանգուլակները կախել»,- ասաց նա:

Ղուլյանի կարծիքով` այս դեպքը խոսում է նաեւ հայ մարդու բարոյազրկման մասին, քանի որ որեւէ կարգադրություն կատարելուց նույնիսկ չեն էլ մտածում, թե ինչ վնասներ են հասցնում. «Էլ չեմ ասում, որ պաշտոնյան, որը նման հրաման է, տվել հաստատ իր տեղում չէ: Սա տգիտության արդյունք է, եթե մարդը նման որոշում է կայացնում, նա չի հասկանում, որ նման բան չի կարելի անել, սա ուղղակի աբսուրդի աստիճան անհեթեթություն է»:

Նշենք, որ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երեւում է, թե ինչպես են վնասվել Հանրապետության հրապարակի շենքերը լուսավորություն անցկացնելուց հետո, ինչն էլ առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների զայրույթը:

Տոնական լուսավորության ապամոնտաժումից հետո շենքերի տեսքն անցքերի լցման միջոցով կվերականգնվի․ Քաղաքապետարան

02.jpg (39 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ