
Սան Ֆրանցիսկոյում ոստիկանությանը պաշտոնապես թույլ են տվել արտակարգ իրավիճակներում հանցագործների դեմ կառավարվող ռոբոտներ օգտագործել, հայտնում է AP-ն։
2022 թվականի նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքը (SFPD) մահացու ռոբոտ օգտագործելու հայտ է ներկայացրել՝ հասարակության համար վտանգ ներկայացնող հանցագործներին դիմակայելու համար։
Առաջարկն ի սկզբանե բուռն քննադատության պատճառ է դարձել այն հիմնավորմամբ, որ ռոբոտները չպետք է օգտագործվեն որեւէ անձի դեմ։ Սակայն հետագայում հաշվի է առնվել, որ «լինում են դեպքեր, երբ մահացու ուժը միակ տարբերակն է»։
Նոյեմբերի 30-ի պաշտոնական հրամանագրով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք են ստացել արտակարգ իրավիճակներում հանցագործների դեմ մահաբեր զենք կիրառել։ Որոշումն ընդունվել է քաղաքապետարանի պաշտոնյաների ձայների մեծամասնությամբ։
Որոշմանը դեմ են արտահայտվել քաղաքացիական ազատությունները պաշտպանող կազմակերպությունները եւ ոստիկանության գործողությունները վերահսկող խմբերը: