News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու և դրա արդյունքում ստանալու հավելավճար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Արտադպրոցական ուսումնական  հաստատություններում աշխատող կադրեր

2021-2022 ուստարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է 5099 ուսուցիչ (76.8 %-ը՝ կանայք), որոնց 42.6 %-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Սպորտային կազմակերպություններում մարզումներն իրականացրել է 2104 մարզիչ-մանկավարժ (15.4 %-ը՝ կանայք):

Հարկ է նշել, որ առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու նկարագիրը, մինչդեռ մանկավարժների ոչ միայն  մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացի ձևավորելու համար։

Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորումը

Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս  գործընթացն իրականացնելու նույն սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական,  մարզային,  պետական  մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության բարելավումը, պետական բյուջեից ֆինանսավորվող  ծրագրերի թափանցիկության իրագործումը։ Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի.

սահմանել հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում  նոր որակական նախադրյալներ ստեղծելու համար,

նպաստել  մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության  բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է՝

ոլորտի կադրային համալրում, զարգացնող միջավայրի ստեղծում, ինքնակրթություն, փորձի փոխանակում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում: Հայաստանում մանկավարժների, այդ թվում՝ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի, այդ թվում՝ արական սեռի մասնագետների  մուտքը  ոլորտ, վերջիններիս  չի մղում մասնագիտական զարգացման: Այս խնդիրը լուծելու նպատակով  պետք է մշակվի  արդյունքի վրա հիմնված մանկավարժների կամավոր ատեստավորման կարգ, որը հնարավորություն կտա հավելավճարի տեսքով հասնելու աշխատավարձի բարելավման: Համաձայն ՀՀ կառավարության  որոշման՝  արտադպրոցական հաստատություններում  մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը համարժեք է 1 դրույքի։ Ըստ  այդմ՝ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժի մեկ դրույքի համար հաշվարկվում  է 132 276  ՀՀ դրամ աշխատավարձ: Առաջարկվող նախագծի ընդունմամբ և համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել գիտելիքների գնահատման գործընթացին և դրա արդյունքում ստանալ 30-50 % հավելավճար,

ֆինանսատնտեսագիտական պայմաններ՝ պետության կողմից երաշխավորված ֆինանսավորում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ,

ուսումնական գործընթացի և օրենսդրության կատարելագործում՝ կարգերի, ուսումնական պլանների, ծրագրերի մշակմամբ և լրամշակմամբ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 16-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ