News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առավել արդիական ուղղությունների վերաբերյալ, ներառյալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- նշվել է հաղորդագրությունում։

«Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելն է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի, ինչպես նաեւ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել բարձր մակարդակով։ Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման, Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության եւ լիարժեք համագործակցության վերականգնման կարեւոր պայման։

Ռուսական խաղաղապահ զորակազմը  վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ավանդ ներդնում իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը։ Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի կարգավորմանը, ականազերծում են տարածքները, իրականացնում միջնորդություն ռազմագերիներին եւ պահվող անձանց փոխանակելիս։

Ռուսական ջանքերի կարեւորագույն ուղղությունն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ համատեղ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, վարում ենք կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցման գործը։ Այդ նախագծերը թույլ կտան երկաթուղային եւ փոխադրամիջոցների հաղորդակցություն կազմակերպել եւ խթանել  տնտեսական կապերի վերականգնումը։

Ողջունում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը կոչված է աջակցելու սահմանային միջադեպերի դադարեցմանն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ռուսաստանն անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կողմերի հարցման վերաբերյալ։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստումը կոչված է ամրապնդելու փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները, դնելու փոխշահավետ համագործակցության հիմքերը երկարատեւ հեռանկարի համար։ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի այս ոչ հեշտ, բայց չափազանց կարեւոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման։

Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության ամրապնդմանը նպաստում են շփումները հումանիտար ոլորտում։ Ռուսական կողմը կշարունակի փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների եւ փորձագիտական շրջանակների գծով՝ ուղղված ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը։

Ջ.Ա. Բայրամովի սպասվող այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական վստահալից քաղաքական երկխոսության շարունակման եւ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում»,- նշվել է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ