News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել, և միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացվեր: Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ամանորյա զարդարանքին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, փաստացի նորմալ են համարել Հանրապետության հրապարակի գլխավոր շենքի ապականումը, երբ հազարավոր ծակեր են արվել շենքերի վրա, Հրաչյա Սարգսյանն ասել է. «Կարելի էր, ենթադրում եմ, ինժեներական տարբեր մոտեցումներ մտածել, կոնստրուկցիաներ առանձին ունենալ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենար շենքի վրա, բայց այս պահի դրությամբ այն աղմուկը, որը բարձրացվեց մեծ, ուժգին..., իմ համար փաստն այն էր, որ այդտեղ աշխատանքներ էին կատարվում դեռ 10 օր առաջ և այդ աղմուկը բարձրացվեց վերջին օրը: Եթե մտահոգ մարդիկ կային, որոնք հենց իրենք ասում էին, որ ապականում են, ենթադրում եմ, որ իրենք բավականին շուտ էին նկատել այդ մասին և որպես կանխարգելիչ միջոցառում կարող էին շուտ դրա մասին ասեին: Լրատվական կազմակերպության կողմից այդ տեսանյութը բավականին տարածվեց սոցցանցերում: Դա մեկ մեխը չէր, այնտեղ կային կեղծ նկարներ, որ ընդհանրապես կապ չունեին շենքի հետ կատարվող աշխատանքների հետ ու ամբողջությամբ մանիպուլյացիա անելով հանդերձ այդ տեղեկատվությունը տարածվեց: Ես չեմ ասում, որ խնդիր չկա»:

Ինչ վերաբերում է կոնկրետ լուսանկարին, որտեղ երեւում է, որ մեծ հեղյուս է զարդանաշխի մեջ խրված, քաղաքապետն ասաց. «Եթե այդ հեղյուսը այդտեղ եղել է, ուրեմն բոլոր տեղերը մինչև դա, էդ հեղյուսը նույն տրամաբանությամբ պետք է լիներ, բայց եթե իրար հետ շրջենք, ապա կտեսնենք, որ այդ հեղյուսից բացի այլ տեղեր այդ հեղյուսը չի եղել, հետևաբար ինչ-որ մեծ տրամագծով հեղյուսը այդտեղ ձեռքով միտումնավոր դրել էին, նկարել էին, հանել: Տրամաբանություն չկա այդտեղ, ես կարծում եմ, դա միայն արդարացման համար է արվել»:

Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համապատասխան տեխնիկա կա, որի միջոցով հնարավոր է ոչ միայն այն անցքերը կամ վնասվածները, որոնք կան, եղել են մինչև տոնական լուսավորության զարդարումը, դրանից հետո էլ ամբողջությամբ վերականգնել. «Վստահ եմ դա հնարավոր է, բավականին մեծ եկեղեցիներ ունենք, որոնք տարբեր ժամանակահատվածներում վերականգնվում են մասնագետների կողմից, ես վստահ եմ, որ ամբողջական վերականգնումը կարելի է: Հիմա շատ մասնագիտական հարց եք ինձ տալիս, այս պահի դրությամբ, ես քանի որ մասնագետ չեմ, չեմ կարող պատասխանել:

Մենք գնումներով ձեռք ենք բերել ծառայություններ, որ լուսավորություն իրականացվի, բայց այս լուսավորության հետ կապված, թե մեթոդիկան՝ ինչ տեխնիկա են իրականացնելու, ոնց են անելու, այդ մասով, կարծում եմ, բացթողում ենք ունեցել: Այսինքն՝ եթե հանրության մոտ կա կարծիք, որ միտումնավոր ինչ-որ բաներ ենք փչացրել, իհարկե, դա այդպես չէ»:

Տպել
Ամենաշատ