News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը գտնվում է բարդ շրջանում, եւ կարեւոր է լինել համախմբված ու միասնական ջանքերով հասնել խնդիրների լուծմանը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատգամավորը կարեւորել է կրթական ոլորտի բարեփոխումները եւ նշել, որ երկրի զարգացման համար մեզ հարկավոր են լավ մասնագետներ, ուստի ընդգծել է որակյալ կրթություն տրամադրելու կարեւորությունը։

Աշակերտները հետաքրքրվել են նաեւ ակադեմիական ավանի կառուցման անհրաժեշտության հարցով, որին պատասխանելով՝ Մարինա Ղազարյանը նշել է, որ այն կհեշտացնի ուսանողի կյանքը՝ տրամադրելով նրան հարմարավետ պայմաններ եւ որակյալ կրթության հնարավորություն։

Պատգամավորը շեշտել է, որ կարեւոր է հասնել խաղաղության, քանի որ խաղաղությունը նպաստում է կրթության զարգացմանը։

Խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցին պատասխանելով՝ Մարինա Ղազարյանը նշել է միջազգային հարաբերություններում տարվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ պատգամավորները հնարավոր բոլոր հարթակներում իրազեկում են ադրբեջանական ագրեսիայի մասին, շեշտել, որ արդեն կան դրական միտումներ միջազգային կառույցների կողմից ավելի հասցեական քննադատությունների հարցում։

Պատգամավորը հորդորել է աշակերտներին լինել ակտիվ քաղաքացի, բարձրաձայնել երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու մտածել հնարավոր լուծումների մասին։

Հյուրերը պատգամավորի հետ քննարկել են նաեւ անվտանգային հարցեր, դպրոցների հիմնախնդիրները։

Երեւանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի աշակերտների հետ էլ հանդիպել է պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Պատգամավորը շնորհավորել է աշակերտներին Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում լինելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հենց այս շենքում է կերտվում երկրի ապագան։ Պատգամավորն անկեղծացել է՝ թեեւ ընդամենը մի քանի տարի է, ինչ չի դասավանդում, սակայն հասցրել է կարոտել մանկավարժի սիրելի աշխատանքը, որը եղել է իր մանկության իրականացած երազանքներից մեկը։

Լինելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ պատգամավորը կրթության հետ զուգահեռ կարեւորել է դաստիարակության հարցը։ Ուսուցիչ-կոլեգաներին նա խորհուրդ է տվել առաջին հերթին աշակերտներին սովորեցնել սովորել, ընդ որում, սովորել ամբողջ կյանքի ընթացքում։

Անդրադառնալով պատգամավորի աշխատանքի կարեւորությանը՝ Հակոբ Ասլանյանը հիշել է Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերն այն մասին, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել՝ ի՞նչ տեղի կունենա տարիներ անց։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ օրենքները գրվում, մշակվում են ոչ միայն այսօրվա, վաղվա, այլեւ տասնամյակների համար։ Հակոբ Ասլանյանի գնահատմամբ, եթե տասնամյակներ առաջ սովետական ժամանակահատվածում կառուցված բարձրահարկ շենքերն ունենային ստորգետնյա կայանատեղիներ, այսօր բակերում այսչափ ավտոտնակների փոխարեն կանաչ գոտիներ կլինեին։

Շրջելով խորհրդարանի շենքում՝ հյուրերը եղել են թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել Ազգային ժողովի շենքի պատմությանը:

Տպել
Ամենաշատ