News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դանիական Saxo Bank-ի վերլուծաբանները ներկայացրել են 2023 թվականի համար տասը «ցնցող կանխատեսումներ»։

Saxo Bank-ի ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենի կարծիքով՝ «ներկա կանխատեսումը վիճարկում է ցանկացած ենթադրություն մինչհամավարակային եւ մինչ գնաճի դինամիկային վերադարձի մասին։ Դա անհնար է, քանի որ մենք մտել ենք ռազմական տնտեսության փուլ, երբ աշխարհի յուրաքանչյուր խոշոր տերություն փորձում է, դրանից զատ, ամրապնդել իր ազգային անվտանգությունը բոլոր ճակատներում՝ լինի ռազմական ոլորտը, մատակարարումների շղթան, էներգետիկ, թե ֆինանսական անվտանգությունը»։

Բանկն իր նախորդ կանխատեսման մեջ նախազգուշացրել էր, որ 2022թ. տեղի է ունենալու սառը պատերազմի նոր պտույտ։

Դանիական վերլուծաբանական բանկը եկել է այն եզրակացության, որ մարտական գործողությունները եւ հակամարտության սրումն Ուկրաինայում «վերադարձրել են ռազմական տնտեսության մասշտաբը», ընդ որում՝ այնպիսի մասշտաբներով, որոնք չեն եղել 1945-ից հետո։

Առաջին «ցնցող» կանխատեսումը Եվրոպայում միասնական զինված ուժերի ստեղծումն է ոչ միայն պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու, այլեւ ԱՄՆ-ի վրա ավելի քիչ հենվելու համար։

«2023թ.  ակնհայտ կդառնա, որ Եվրոպան կարիք ունի կարգի բերելու իր պաշտպանական հնարավորությունները եւ ավելի քիչ հենվելու ԱՄՆ-ի ավելի փոփոխական դարձող քաղաքական ցիկլերի վրա, որոնք բարձրացնում են այն վտանգը, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել նախկին պարտավորություններից։ ԵՄ բոլոր անդամները պայմանավորվում են մինչեւ 2028թ. սկսել հավաեվրոպական զորքերի ստեղծումը, որոնք ինքնուրույն կապահովեն անվտանգությունը ցամաքում, ջրում, երկնքում եւ տիեզերքում»։ Saxo Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ ԵՄ-ը 10 տրլն եվրո կհատկացնի առաջիկա 20 տարիներին։

Երկրորդ կանխատեսումն այն է, որ Բրիտանիան 2023թ. կարող է հրաժարվել «Բրեքսիթից», ընդ որում՝ հարցը կլուծվի հանրաքվեի անցկացմամբ։ Վերլուծաբանները կանխատեսել են, որ 2023թ. երկրորդ կեսին Բրիտանիայում կարող է իշխանության գալ Լեյբորիստական կուսակցությունը, որն էլ կդառնա հանրաքվեի նախաձեռնողը։

«Ռեցեսիայի, գնաճի եւ դրանց առաջացրած հանրային դժգոհության ճնշման տակ երկրում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ,- նշել է բանկի վերլուծաբան Ջեսիկա Ամիրը։- Շատերը նշում են, որ բրիտանացիների ավելի երիտասարդ սերնդի մեծ մասը՝ 18-24 տարեկանների մոտ 80 տոկոսը, հանդես է եկել ԵՄ-ի կազմում երկրի մնալու օգտին։ Այն դեպքում, երբ երկրի 65 տարեկանից բարձր բնակիչների երկու երրորդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին»։

Կանխատեսումների համաձայն՝ քաղաքական ցնցում կարող է լինել նաեւ Ֆրանսիայում։ Մի կողմից՝ ձախ ուժերի, մյուս կողմից՝ Մարին լը Պենի գլխավորած աջ ուժերի ազդեցության մեծացման ֆոնին՝ նախագահ Մակրոնը «անսպասելի կհայտարարի հրաժարականի մասին»։

Չի բացառվում, սակայն, որ Մակրոնը կարող է հեռանալ մեծ քաղաքականությունից միայն ժամանակավորապես՝ առաջին պլան վերադառնալով այնպես, ինչպես դա արեց Շառլ դը Գոլը 1958թ.։

Բացի այդ, Saxo Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ «ռազմական տնտեսության» մարտահրավերները կզգացվեն ոչ միայն քաղաքականությունում, այլեւ տնտեսությունում։ Էներգակիրների գնի բարձրացման ֆոնին ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները եւ «տեխնոֆիլ-միլիարդատերերը» կստեղծեն բազմամիլիարդանոց նախագիծ՝ ուղղված էներգետիկայի նոր հնարավորությունների ուսումնասիրմանը։

«Էներգետիկայի վրա իր ազդեցությամբ այդ նախագիծը կհամեմատվի ատոմային էներգիայի ուսումնասիրման եւ միջուկային ռումբի ստեղծման «Մանհեթենի նախագծի» հետ, իսկ ներդրումները նոր նախագծում կկազմեն մոտ 1 տրլն դոլար»,- նշել են վերլուծաբանները։

Դանիական բանկի կարծիքով՝ գնաճային ճնշումը եւ աշխարհաքաղաքական անկայունությունը կշարունակեն ազդեցություն գործել ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլեւ ֆինանսական շուկայի վրա։ Այս համատեքստում պետությունները կորդեգրեն ավելի պահպանողական քաղաքականություն՝ նվազեցնելով ներդրումներն ավելի բարդ ֆինանսական գործիքներում, եւ միջոցներ կներդնեն այնպիսի ավանդական ակտիվներում, ինչպիսին է ոսկին։

Այս մետաղի բարձր պահանջարկը 2023թ., Saxo Bank-ի կարծիքով, կհանգեցնի այն բանին, որ դրա գինը կբարձրանա՝ մեկ ունցիայի ներկայիս 1,8 հազար դոլարից հասնելով 3 հազարի։

Saxo Bank-ի եւս մեկ կանխատեսումը վերաբերում է այն բանին, որ համենայն դեպս մեկ երկրում կընդունվի մսի արտադրությունից հրաժարվելու որոշում։

«Նայելով 2022թ. էներգետիկ շոկին՝ շատերը կարծում են, որ երկրները կհրաժարվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրենց պարտավորություններից,- նշել է Saxo Bank-ի վերլուծաբան Չարու Չանանան։- Բայց դրան չի կարելի համաձայնել լրիվ չափով, հատկապես Եվրոպայի առումով։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը վերաբերում է ոչ միայն էներգետիկային, այլեւ պարենային ճյուղի աշխատանքին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ մինչեւ 2050թ. ածխածնային զրոյական արտանետումների նպատակների կատարման համար մսի սպառումը պետք է կրճատվի՝ մեկ մարդու համար տարեկան միջինը 24 կիլոգրամի հասնելով, իսկ այժմ, ՏՀԶԿ-ի հաշվարկներով, այն կազմում է տարեկան մոտ 70 կիլոգրամ»։

Saxo Bank-ի վերլուծաբանները եկել են այն եզրահանգման, որ հաջորդ տարի աշխարհի առնվազն մեկ երկրում որոշում կընդունեն դուրս գալ կլիմայի փոփոխությունների դեմ պայքրաի առաջնագիծ եւ բարձր հարկեր կմտցնեն մսի արտադրությունում՝ սկսած 2025-ից, իսկ մինչեւ 2030թ. լրիվ կհրաժարվեն մսի հայրենական արտադրությունից՝ զարգացնելով բուսական անալոգների տեխնոլոգիան եւ արտադրությունը, ինչը ավելի մարդասիրական է եւ ավելի քիչ ջերմոցային արտանետումներ է արձակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ