News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հետ Ավստրալիայի պաշտպանական դաշինքը հանգեցրեց նրան, որ Չինաստանը կասկածի տակ դրեց նրա՝ որպես տնտեսական գործընկերոջ վստահելիությունը: Այս մասին դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակին նվիրված համաժողովում հայտարարել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ֆու Ինը, հայտնում է Reuters-ը։

Չինաստանը Ավստրալիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է եւ նրա երկաթի հանքաքարի խոշորագույն գնորդը, սակայն տարաձայնությունները հանգեցրել են հարաբերություններում լարվածության եւ Չինաստանի կողմից ավստրալական արտահանվող շատ այլ ապրանքների նկատմամբ պատժամիջոցների սահմանման:

Անցյալ ամիս G20-ի գագաթաժողովում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը «հարաբերությունների բարելավման հստակ ազդանշան էր»,- ասել է Ֆու Ինը: Նրա խոսքով, երկու ղեկավարների հանդիպումը լավատեսության տեղիք է տվել։ Միաժամանակ նա նշել է, որ Ավստրալիան պետք է ուշադրություն դարձնի Չինաստանի մտահոգություններին եւ համբերություն ցուցաբերի։ «Հեշտ է ընկնելը, շատ ավելի դժվար է վեր կենալը»,- ասել է դիվանագետը:

Համաժողովը, որը կազմակերպվել է Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի Ավստրալա-չինական հարաբերությունների ինստիտուտի կողմից, հարթակ է տրամադրել երկու երկրների ներկա եւ նախկին դեսպաններին՝ այս ամիս դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակը նշելու համար:

Ֆու Ինի խոսքով՝ տնտեսական գլոբալիզացիան ճեղքվածք է տվել աշխարհաքաղաքական հակամարտության եւ կորոնավիրուսային համավարակի հետեւանքների ճնշման տակ: Նա տարակուսել է, թե արդյոք աշխարհը խաղաղության եւ բարգավաճման երկար ժամանակաշրջանից շարժվում է դեպի բաժանում:

«ԱՄՆ-ի գլխավորած անվտանգության եռակողմ AUKUS դաշինքին Ավստրալիայի մասնակցությունը նույնպես կասկածներ է առաջացրել Չինաստանում նրա՝ որպես գործընկերոջ վստահելիության վերաբերյալ»,- ասել է նա:

Անցյալ տարի Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը հայտարարեցին պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ պակտի մասին, որը հայտնի է որպես AUKUS:

Ավստրալիան հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր քայլերը չեն հանգեցնի պաշտպանական քաղաքականության փոփոխության:

Չինաստանում Ավստրալիայի դեսպան Գրեմ Ֆլեթչերը համաժողովում հայտարարել է, որ քաղաքական տարաձայնությունները դրդել են Չինաստանին խախտել առեւտուրն Ավստրալիայի հետ, սակայն առաջնորդների վերջին հանդիպումը երկար սպասված իրադարձություն էր: «Մեր դժվարությունները չեն վերացել, բայց հիմա կարող ենք սկսել խոսել դրանց եւ շատ այլ բաների մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հյուպատոսական քննարկումները, պաշտպանական, առեւտրային եւ ներդրումային բանակցությունները քայլ առ քայլ կարելի է վերսկսել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ