News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ առաջատար անդամ երկրները Բրյուսելին կոչ են անում շտկել Մոսկվայի նկատմամբ իր պատժամիջոցները, որպեսզի ավելի հստակ բացառի ռուսական հացահատիկի եւ պարարտանյութերի առաքումները՝ պնդելով, որ ներկայիս կանոնները հետաձգում են աղքատ երկրներին կենսական նշանակություն ունեցող մատակարարումները:

Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները այն երկրներից են, որոնք Եվրահանձնաժողովին կոչ են անում Ռուսաստանից սննդամթերքի արտահանման նկատմամբ պատժամիջոցները հստակեցնելու շտկում կատարել, ասվում է փաստաթղթում, որին ծանոթացել է Financial Times-ը:

Աֆրիկյան երկրները, որոնք պայքարում են սննդամթերքի եւ գյուղատնտեսական հումքի պակասի դեմ, դեմ են արտահայտվել ԵՄ պատժամիջոցներին: Սենեգալի նախագահ եւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալն ասել է, որ մայրցամաքը դարձել է «կողմնակի վնաս»՝ արեւմտյան դաշնակիցների կողմից Ռուսաստանի վրա ճնշման հարցում:

Թեեւ հանձնաժողովը ռուսական հացահատիկի եւ պարարտանյութերի տարանցումը թույլատրելու ցուցումներ է տվել ԵՄ երկրներին, կառավարությունները եւ տրանսպորտային օպերատորները ասում են, որ դրանք բավականաչափ հուսալի չեն իրավական պաշտպանությունը երաշխավորելու համար:

«Ընթացիկ իրավական իրավիճակը նպաստում է այն քննադատությանը, որ պատժամիջոցներն իրականում խոչընդոտում են սննդամթերքի եւ պարարտանյութերի առեւտրին»,- ասվում է անդամ երկրների խմբի փաստաթղթում, որում ներառված են նաեւ Իսպանիան, Բելգիան եւ Պորտուգալիան:

Թերթը պնդում է, որ երբեմն բեռները եվրոպական նավահանգիստներում ավելի երկար են պահվում, քան անհրաժեշտ է, քանի որ ընկերությունները վախենում են գործարքներ կնքել ռուսական ընկերությունների հետ, որոնք պատկանում են պատժամիջոցների ենթարկված անձանց:

Ֆինանսական հաստատությունները, ապահովագրողները, փոխադրողները եւ մեծածախ վաճառողները չեն ցանկանում առեւտրային գործարքներ կնքել ռուսական սննդամթերքի եւ պարարտանյութերի արտահանման համար՝ խաթարելով մատակարարման շղթաները, ասվում է փաստաթղթում։

Ստեղծվել է «անցանկալի» իրավիճակ, երբ ԵՄ-ն ավելի խիստ է գյուղատնտեսական գործարքների հարցում, քան ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ «Դա կարծես հակասում է ԵՄ պարենային անվտանգության ընդհանուր քաղաքականությանը»,- ասվում է փաստաթղթում։

Հանձնաժողովը պնդում է, որ իր պատժամիջոցներից ոչ մեկը ուղղված չէ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների, այդ թվում՝ ցորենի եւ պարարտանյութերի առեւտրի դեմ։

ԵՀ ներկայացուցիչը մատնանշել է ուղեցույցը, որը բացատրում է, որ ռուսական պարարտանյութերի տարանցումը եւ տեղափոխումը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ թույլատրվում է, հավելելով, որ ուղեցույցն օգնել է ապաշրջափակել պարարտանյութերի մի քանի առանձին խմբաքանակներ, որոնք ժամանակավորապես արգելափակված էին անդամ երկրների նավահանգիստներում: «Եթե երրորդ երկրները ցանկանան գնել ռուսական պարարտանյութեր, ապա ԵՄ-ի պատժամիջոցներ չկան, որոնք արգելում են դա՝ փաստորեն, ռուսական պարարտանյութերի արտահանումը երրորդ երկրներ չի նվազել»,- ասել է աղբյուրը։

Աֆրիկյան միությունը մայիսից բողոքում է, որ ԵՄ-ն արգելափակում է մատակարարումները, ինչի հետեւանքով մայրցամաքի որոշ երկրներ Ռուսաստանի դիվանագիտական խաղերին դրական են վերաբերվում։

35 երկրներից, որոնք ուկրաինական տարածքների ռուսական բռնակցումը դատապարտելու համար հոկտեմբերին կայացած ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել, մոտ կեսը աֆրիկյան են եղել:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ 345 միլիոն մարդ բախվում է սուր պարենային անբավարարության 82 երկրներում, որտեղ աշխատում է գործակալությունը: Ուկրաինայի պատերազմն այս թվին 70 միլիոն մարդ է ավելացրել։

Աֆրիկյան զարգացման բանկը հայտնել է, որ մայրցամաքում 2 միլիոն տոննա պարարտանյութի պակաս կա ցանքսի սեզոնի նախաշեմին: «Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով սննդամթերքի մատակարարման խափանումների պատճառով Աֆրիկան այժմ բախվում է առնվազն 30 միլիոն տոննա պարենի, հատկապես երկու երկրներից ներկրվող ցորենի, եգիպտացորենի եւ սոյայի պակասի»:

ԵՄ-ն պատրաստվում է քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Որոշ անդամ երկրներ ցանկանում են դա օգտագործել որպես սննդամթերքի եւ պարարտանյութերի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հնարավորություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ