News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պերուի Կոնգրեսը կողմ է քվեարկել նախագահ Պեդրո Կաստիլյոյին պաշտոնից հեռացնելուն և փոխնախագահով նրան փոխարինելուն անմիջապես այն բանից հետո, երբ Կաստիլյոն փորձել է ցրել օրենսդիր մարմինը նրա իմփիչմենթի հարցով քվեարկությունից առաջ, հայտնում է AP-ն։

Ազգային օմբուդսմենի գրասենյակը Կոնգրեսը ցրելու Կաստիլյոյի փորձը հեղաշրջում է անվանել։

Օրենսդիրները 101 կողմ, 6 դեմ, 10 ձեռնպահ ձայներով քվեարկել են Կաստիլյոյի պաշտոնանկության օգտին՝ «մշտական բարոյական անաշխատունակության» պատճառով:

Քվեարկությունից քիչ առաջ Կաստիլյոն հայտարարել է, որ ստեղծում է արտակարգ իրավիճակների նոր կառավարություն և կոչ է արել մշակել նոր սահմանադրություն։ Հեռուստատեսային ուղերձի ժամանակ նա ասել է, որ հրամանագրով կկառավարի և հրամայել է գիշերային պարետային ժամ սահմանել:

Կաստիլյոն նաեւ հայտարարել է, որ դատական իշխանության, ոստիկանության եւ սահմանադրական դատարանի ղեկավարության փոփոխություններ կկատարի։ Այնուհետև Պերուի բանակի ղեկավարը հրաժարական է տվել չորս նախարարների հետ, այդ թվում՝ արտաքին գործերի և էկոնոմիկայի։

Կաստիլյոն քայլեր է ձեռնարկել, երբ Կոնգրեսում հակառակորդները նրան պաշտոնից հեռացնելու երրորդ փորձն են նախաձեռնել:

Կոնգրեսում քվեարկության արդյունքում փոխնախագահ Դինա Բոլուարտեն կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Բոլուարտեն Twitter-ի միջոցով դատապարտել է Կաստիլյոյի գործողությունները՝ նշելով, որ «դա սրում է քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամը, որը պերուական հասարակությունը պետք է հաղթահարի օրենքի խստիվ պահպանմամբ»։

Բոլուարտեն կդառնա Պերուի առաջին կին նախագահը անկախ հանրապետության գոյության ավելի քան 200 տարվա ընթացքում։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեն և Պերուի ազգային ոստիկանությունը իրենց հայտարարության մեջ հերքել են Կոնգրեսը ցրելու Կաստիլյոյի որոշման սահմանադրականությունը։

Դաշնային դատախազությունը Կաստիլյոյի դեմ վեց գործ է հետաքննում, դրանց մեծ մասը կապված է ենթադրյալ կոռուպցիայի հետ՝ այն տեսության հիման վրա, որ նա օգտագործել է իր իշխանությունը հանրային աշխատանքներից շահույթ ստանալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ