News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ այս ամենը արդյունքն է Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի ներքին պայմանավորվածությունների, որոնք խիստ գաղտնի են պահվում եւ որոնց մասին մենք չգիտենք, թեեւ Ադրբեջանն ակտիվորեն հղում է անում դրանց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Նա պարզաբանեց, որ խոսքը հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների շրջանակներում պայմանավորվածությունների մասին է։

Բաքուն հերթական սադրանքներին է դիմում, որոնք, նրա գնահատմամբ, կկրկնվեն, քանի որ ադրբեջանցիները բնապահպանական խնդիրները լուծելու պատրվակով փորձում են առաջ տանել իրենց շահերը եւ աշխարհին ցույց տալ, որ, իբր, սրանք են Բաքվին անհանգստացնող խնդիրները։

«Բայց բոլորը հասկանում են, որ ադրբեջանցիներն իրենք մեծ խնդիրներ ունեն այս ոլորտում՝ իրենց գրաված հանքերում։ Այնտեղ որեւէ վերահսկողություն չկա։ Այս ֆոնին «էկոլոգիայի» պատրվակով փորձում են ներթափանցել Արցախ՝ դա ներկայացնելով որպես իբր մարդասիրական քայլեր՝ միաժամանակ պղծելով օկուպացված տարածքներում գտնվող հայկական գերեզմաններն ու սրբավայրերը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը նույնպես հասկանում եւ ընդունում է, որ սա ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի դեմ, այլեւ խաղաղապահներին վարկաբեկելուն եւ ապագայում նրանց հասցեին մեղադրանքների հող նախապատրաստելուն։

Բայց դա չի նշանակում, որ մենք խաղաղապահների հրամանատարության առաջարկներին միանշանակ համաձայնել ենք, քանի որ Ադրբեջանը ցանկանում է Լաչինի միջանցքում ռենտգեն սարքավորումներ տեղադրել։ Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են, որ նման փոփոխություններն անընդունելի են Արցախի ողջ հանրության համար, եւ մենք՝ հանրության աջակցությամբ, թույլ չենք տա, որ այնտեղ նման սարքավորումներ տեղադրվեն»,- ասաց պատգամավորը։

Նման սարքավորումներ տեղադրելիս այն պետք է տրամադր էր Ադրբեջանը, եւ Բաքուն կարող է էլեկտրոնային հասանելիություն ունենալ առցանց մոնիտորինգի համար նախատեսված սարքավորումներին։

«Դա լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի բեռնափոխադրողների համար, որոնք պետք է անցնեն ինչ-որ հսկողություն, ինչը կստեղծի խցանումներ եւ այլ խնդիրներ։ Սա նույնպես սադրանք է Ադրբեջանի կողմից, որը պնդում է, թե իբր այդ ճանապարհով զենք ու զինամթերք է տեղափոխվում Արցախ։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Այս բոլոր սադրանքները մեզ համար լրացուցիչ խնդիրներ են ստեղծում։ Բայց մենք հասկացրել ենք, որ դա թույլ չենք տա»,- հավելեց Գալստյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ