News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը բողոքարկելու է իր եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի զրույցից հրապարակված ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը կարճելու քննիչի որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը:

«Ես որոշմանը համաձայն չեմ, բողոքարկելու եմ: Ինձ համար միանշանակ սպասելի որոշում էր: Ըստ էության, ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ քննչական գործողություններ՝ գործը կարճելու նպատակով: Այս գործով առնվազն ես պետք է ճանաչվեի տուժող, այնուհետեւ, այդ դատավարական կարգավիճակն ունենալով, պետք է հարցաքննվեի քրեական գործով անցնող մյուս վկաների հետ, որովհետեւ շատ վկաների ցուցմունքները իմ ցուցմունքին չեն համապատասխանել, բայց դա տեղի չունեցավ»,- նշեց Վարդազարյանը:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ այս բողոքարկումից եւս սպասելիքներ չունի, սակայն գործընթացը պարտադիր է Եվրոպական դատարան հասնելու համար:

«Օրեր առաջ Եվրոպական դատարանը դատավոր Սամվել Մնացականյանի վերաբերյալ որոշում էր կայացրել, որով հստակ նշել է, որ դատավորներն ունեն արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ ԲԴԽ-ի եւ Արդարադատության խորհրդի որոշումները ենթակա են բողոքարկման դատական կարգով: Ես այդ որոշմանը մինչեւ վերջ դեռ չեմ ծանոթացել, բայց կարծում եմ՝ մեր գործերը գրեթե նույնական են, եւ նույն նախադեպը կգործի նաեւ իմ գործի դեպքում: Ես պատրաստ եմ արդարության հասնելու համար ամեն ինչի, այդ թվում՝ միանշանակ նաեւ Եվրոպական դատարան դիմելու»,- ընդգծեց Վարդազարյանը:

Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է գնահատում ԲԴԽ-ում վերջին ամիսներին եղած փոփոխությունները, սակայն նա նշեց, որ դրա վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չի կարող տալ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Գագիկ Ջհանգիրյանը նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Հանձնաժողովը գտել էր, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը: Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որեւէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը: Հոկտեմբերի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը:

Ձայնագրությունում այլ անձանց մասին խոսակցությունները հրապարակել չեմ կարող, դրա բարոյական իրավունքը չունեմ․ Վարդազարյան

Տպել
Ամենաշատ