News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը նախատեսում է հաջորդ երեք տարիներին 70 միլիարդով ավելացնել պաշտպանության ծախսերը եւ միության անդամներին առաջարկում է ավելացնել համատեղ գնումները, գրել է Defense News-ը։

Պատերազմն Ուկրաինայում Եվրոպային ստիպել է վերադառնալ սովորական սպառազինություններին, եւ դրա հետ միասին՝ բախվել այն բանին, որ տասնամյակներ թերֆինանսավորվել է իր պաշտպանական պոտենցիալը։ Պաշտոնյաները ստիպված են վերականգնել զինքամթերքի կրճատված պաշարները։

Բայց սպառազինությունների գնման համատեղ ջանքերը մինչ այժմ չեն իրականացվել մեծ մասշտաբներով։ Եվրոպական պաշտպանական գործակալության (EDA) ամենամյա համաժողովում միության շահագրգռված անձինք վերլուծել են այն խնդիրները, որոնք խանգարում են ԵՄ անդամներին արդյունավետորեն սպառազինություններ գնել։

EDA-ի ամենամյա հաշվետվությունը դրական նորություններ է պարունակում։ 2021թ. ԵՄ-ն ծախսել է 214 մլրդ եվրո պաշտպանության համար, ինչը նոր առավելագույնն է դաշինքի համար եւ 6 տոկոսով ավելին է, քան 2020թ., նրա ծախսերն առաջին անգամ գերազանցել են 200 մլրդ եվրոն։

Անդամ պետությունները 52 մլրդ եվրո են ծախսել գնումների եւ հետազոտությունների վրա, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է՝ պաշտպանության մեջ ներդրումների ընդհանուր ծավալի 24 տոկոսը, եւ 16 տոկոսով ավելի, քան 2020թ.։

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է այս ներդրումները, բայց նշաձողն ավելի է բարձրացրել՝ խոստանալով անդամ երկրներին 70 մլրդ եվրո ավելացնել պաշտպանության ծախսերին հաջորդ երեք տարիների ընթացքում։ Նշելով, որ սա բարդ խնդիր է, Բորելը նախազգուշացրել է, որ ազգային պաշտպանության եւ պատրաստի զինամթերքի ձեռքբերման վրա կենտրոնանալը կընդլյանի  «Եվրամիության հնարավորությունների ներկայիս ֆրագմենտացված լանդշաֆտը»։

Բորելը նաեւ նշել է այն կարեւոր ոլորտները, որոնք բարելավում են պահանջում. համատեղ գնումները մնում են ավելի ցածր, քան ցանկալի է, իսկ ներդրումային պարտավորություններն անիրավահավասարաչափ են անդամ երկրների միջեւ։

2021թ. համատեղ գնումները կազմել են մոտ 8 մլրդ եվրո, ինչը պաշտպանության ոլորտում բոլոր ներդրումների ընդամենը 18 տոկոսն է։ Դա 11 տոկոսով ավելի է, քան 2020թ., բայց շատ ավելի ցածր է՝ 35 տոկոսով, EDA-ի «համեստ նշաձողից», նշել է Բորելը։

Բորելը եւ համաժողովի այլ մասնակիցներ անդամ պետություններին կոչ են արել բավարարել զենքի կարճաժամկետ եւ միջնաժամկետ պահանջները՝ «ավելի շատ գնելով եւ ավելի շատ գնելով միասին»։

Բայց ներկա նախարարները եւ շահագրգիռ կողմերը նաեւ իրատեսորեն են գնահատել գնումների վերաբերյալ ԵՄ համատեղ ջանքերի հետ կապված խնդիրները։ Այն դեպքում, երբ աղմկալի նախագծերի հետ կապված դժվարությունները, ինչպիսին է ապագայի եռազգային մարտական ավիացիոն համակարգը (FCAS), հայտնվել են թերթերի վերնագրերում, անգամ ավելի փոքր նախագծերը, ինչպիսին է Մշտական կառուցվող համագործակցությունը (PESCO), չեն կարողացել սկսել աշխատանքը պլանավորումից տարիներ հետո։

«Անդամ երկրները «քանիցս սխալներ են կատարել՝ ինչ-որ նախաձեռնություն սկսելով եւ այն որպես պաշտպանական ոլորտում խաղի կանոնները փոխող առաջադրելով, իսկ հետո անխուսափելիորեն տիրել է հիասթափությունը»,- ասել Չեխիայի Հանրապետության պաշտպանական քաղաքականության եւ ռազմավարության փոխնախարար Յան Յիրեշը։

Պաշտոնական անձինք նշել են, որ պատերազմն Ուկրաինայում հնարավորությունների պատուհան է ընձեռել գնումների համար՝ խորհրդային արտադրության հնացած սարքավորումների փոխարեն։ Սա ինչ-որ չափով արդեն տեղի է ունենում, քանի որ այս տարի Գերմանիան սկսել է «Ringtausch» կամ «Ringswap սարքավորումներով փոխարինման ծրագիրը՝ ուղղված դաշնակիցների խորհրդային ժամանակների սարքավորումներն Ուկրաինա առաքելու խրախուսմանը եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի սարքավորումներ ստանալուն։

Կարելի էր ավելին անել ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն միմյանց կապելու համար, որպեսզի օգնեն համալրել անհրաժեշտ պաշարները եւ ավելացնեն համատեղ պաշտպանական գնումները։

ՆԱՏՕ-ի գնումների աջակցման գործակալության (NSPA) գլխավոր տնօրեն Սթեյսի Քամինգսի խոսքով՝ ՆԱՏՕ անդամները կարող են օգտվել հիմնական օնլայն- գործիքից՝ իրենց ներդրումները համակարգելու համար։

Քամինգսն ասել է, որ դաշինքի ներկայացուցիչներին ներկայացրել է «տեղեկատվական օնլայն-կենտրոնի» հայեցակարգ, որը հենվելու է ՆԱՏՕ-ի նյութատեխնիկական մատակարարման ֆոնդային բորսայի՝ օնլայն-շուկայի վրա։ Դա թույլ կտա անդամ պետություններին առկա պայմանագրերի հասանելիություն ունենալ, ինչպես նաեւ հետեւել միմյանց ավելորդ պաշարներին, «որպեսզի երկրները կարողանան անխոչընդոտ առաջարկել պաշարներ կամ պաշտպանության այլ համակարգեր մասնակից մյուս երկրներին»,- ասել է նա։

Բայց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վաղուց արդեն նկատվում է «տեղեկատվության փոխանակման բացարձակ անբավարարություն», ինչը մեկուսացնում է ԵՄ-ի մեջ չմտնող ՆԱՏՕ անդամներին, ինչպիսին են ԱՄՆ-ը, Կանադան եւ Նորվեգիան, եւ խանգարում միության՝ իր պաշտպանական ներդրումները կիսելու կարողությանը, ասել է Չեխիայի պաշտպանության փոխնախարար Յիրեշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ