News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գործարքի շրջանակում, որը մեծ շուքով չի ընդունվել, Տաջիկստանն անցյալ ամիս համաձայնել է իր տարածքում կանոնավոր հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել չինական անվտանգության ուժերի հետ: Տաջիկստանի եւ Չինաստանի անձնակազմը նախկինում երկկողմ զորավարժություններ է անցկացրել, այդ թվում՝ երեքը 2015 թվականից ի վեր: Բայց նոյեմբերի վերջին կնքված համաձայնագիրը պաշտոնականացնում է երկու երկրների միջեւ աճող ռազմական համագործակցությունը եւ պատկերացում է տալիս Պեկինի աճող հավակնությունների մասին Տաջիկստանի եւ նրա Կենտրոնական Ասիայի հարեւանների նկատմամբ: Փորձագետների խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը աշխարհաքաղաքական շոկ է առաջացրել Կենտրոնական Ասիայում եւ փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մասին վաղեմի պատկերացումները։ Նրանց խոսքով՝ տաջիկա-չինական համաձայնագիրը եւս մեկ փոքր քայլ է, որը ձեռնարկվել է Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ Մոսկվայի ավանդական դաշնակցից հեռու մնալու համար:

«Դուշանբեն դա անում է Չինաստանի հետ, որպեսզի դիվերսիֆիկացնի իր գործունեությունը եւ հրաժարվի Ռուսաստանից կախվածությունից»,-«Ազատտիկ» ռադիոկայանին ասել է միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թեմուր Ումարովը: «Հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է դրան»,-նշել է նա։ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի տնտեսական հզորության թուլացման, Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցներով արագացված եւ Ուկրաինայում պատերազմի հետ կապված լարվածության աճի պայմաններում Կենտրոնական Ասիայի առաջնորդները, հիմնականում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ձգտում էին նվաճել նոր գործընկերներ եւ խորացնել նախկինում գոյություն ունեցող կապերը այլ տերությունների հետ։ Արդյունքը Եվրոպայի հետ դիվանագիտական շփումների տարափն էր, այդ թվում՝ հոկտեմբերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ նոյեմբերին Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Կենտրոնական Ասիա: Ե՛վ Տոկաեւը, ե՛ւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը մեկնեցին Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Արեւմուտքից բացի՝ ընդգրկումը վերաբերում էր Թուրքիային, Մերձավոր Արեւելքին եւ, հնարավոր է, առաջին հերթին, Չինաստանին: COVID-19 համավարակից հետո իր առաջին արտասահմանյան ուղեւորության ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը սեպտեմբերին այցելեց Ղազախստան՝ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթաժողովից առաջ։     

«Սա հնարավորությունների պատուհան է այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Եվրոպան, Թուրքիան եւ Իրանը»,-ասել է Ումարովը։ «Սակայն Կենտրոնական Ասիայում դեռ մնում են զգայուն պահեր։ Այս տարածաշրջանը դեռ երբեք նման երկու հրդեհների արանքում չի եղել»,-ասել է նա։

«Կարմիր գծեր»

Ումարովի խոսքով՝ այժմ տարածաշրջանը բալանսավորվում է Ռուսաստանի հետ իր պատմական կապերը խզելու ցանկության եւ Մոսկվայի կողմից կտրուկ պատասխանից խուսափելու ձգտման միջեւ։ «Կարմիր գծերը մշտապես խաչվում են, սակայն Ռուսաստանի հետ գլխավորն այն է, որ անվտանգոթյան ոլորտում Արեւմուտքի ներկայությունը չվերադառնա»,-ասել է նա՝ նկատի ունենալով հարեւան Աֆղանստանում ԱՄՆ ղեկավարությամբ գրեթե 20-ամյա պատերազմը։         

«Ռուսաստանը չի ցանկանում, որ Կենտրոնական Ասիան հայացք նետի դեպի Արեւմուտք։ Դա Չինաստանի հետ կապերն ավելի գրավիչ է դարձնում Կրեմլի համար։ Չինաստանը տասնամյակներ շարունակ աճող տնտեսական ուժ է եղել Կենտրոնական Ասիայում, եւ տարածաշրջանի շատ երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանն ու Ղրղըզստանը, Պեկինին միլիարդավոր դոլարներ են պարտք։ Վերջին տարիներին Պեկինը քայլեր է ձեռնարկել տարածաշրջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար, ընդ որում, Տաջիկստանը համակարգող կենտրոն է դարձել։       

Չինաստանին վաղուց է մտահոգում Աֆղանստանից, Պակիստանից եւ Տաջիկստանից տարածաշրջան տարածվող ահաբեկչությունը։ Չնայած դրան՝ Տաջիկստանը պաշտոնապես հերքում է, որ չինական անվտանգության ուժերն անվտանգության բազա ունեն տաջիկա-աֆղանական սահմանի երկայնքով։ Պեկինը վերանորոգում է հին սովետական սահմանային ուղեկալները եւ նոր սահմանային անցակետեր կառուցում տաջիկա-աֆղանական սահմանի երկայնքով։ 2021 թվականի հոկտեմբերին Դուշանբերում հայտարարվել է, որ Չինաստանը կֆինանսավորի եւ կկառուցի նոր օբյեկտներ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման եւ Գոռնո-Բադախշանի ինքնավար շրջանում։ Համաձայն նոյեմբերյան համաձայնագրի՝ չինական եւ տաջիկական ուժերը ամեն երկու տարին մեկ վարժանքներ կանցկացնեն՝ իրենց հակաահաբեկչական ստորաբաժանումների տակտիկական հմտությունների եւ համակարգման բարելավման համար։ Գործարքի տեքստում նաեւ ասվում է, որ վարժանքների տեղը, ժամկետն ու մասշտաբները գաղտնի են պահվում։

«Աշխատանքի բաժանման մասին կարծիքը, թե Եվրասիայում Չինաստանը խոշոր բանկ է, իսկ Ռուսաստանը՝ մեծ թնդանոթ, արդեն վաղուց հնացել է»,- ասել է Վիլսոնի կենտրոնի Քիսինջերի ինստիտուտի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների բաժնի գիտաշխատող Բրեդլի Ջարդինը։

Թեեւ Պեկինի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության վրա շարունակում է ընդլայնվել, այն իր մասշտաբներով շարունակում է մնալ սահմանափակ եւ էլ ավելի է հատվում Ռուսաստանի սեփական շահերի հետ Կենտրոնական Ասիայի անվտանգության ոլորտում։

«Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանի զորավարժությունները, որպես կանոն, այնքան էլ մասշտաբային չեն»,- ասել է Ջարդինը։ «[Դա] ցույց է տալիս, թե որքանով է Չինաստանի ներքին տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը կողմնորոշված մնում դեպի ներքին շուկա»։

Հայացք Պեկինից

Այն ժամանակ, երբ Չինաստանն իր քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում մեծացնելու լավ հնարավորություններ ունի, Պեկինի շահը անպայման չէ, որ ընկալվում է որպես ձեռքբերում Մոսկվայի հաշվին։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պոտենցիալ մրցակցությանը հատկացվող ուշադրությունը հաճախ չափազանցված է, երբ խոսքը վերաբերում է Կենտրոնական Ասիայի անվտանգությանը»,- ասել է Ումարովը։

Պեկինը եւ Մոսկվան փտրվարին հաստատել են իրենց հարաբերությունները՝ հայտարարելով անսահմանափակ գործընկերության մասին։ Այդ կապերը ստուգում են անցել Ուկրաինայում պատերազմի  ընթացքում եւ, ըստ էության, պահպանվել են՝ հիմնականում շնորհիվ Արեւմուտքի հանդեպ ընդհանուր անբարեհաճության։

«Ռուսաստանը կարող է ընդունել Չինաստանի աճող ներկայությունն անվտանգության ոլորտում [Կենտրոնական Ասիայում], եւ Կրեմլը հասկանում է, որ շատ առումներով դա անխուսափելի գործընթաց է, որը գտնվում է նրա վերահսկողությունից դուրս»,- ավելացրել է Ումարովը։

Լոնդոնի միավորված ծառայությունների Թագավորական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռաֆայելո Պանտուչիի կարծիքով՝ չնայած պատերազմն Ուկրաինայում Կենտրոնական Ասիային շատ երկրների հետ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հնարավորություն է տվել, Մոսկվայի ներխուժումը չի թողել, որ իրականանան Պեկինի հաշվարկները Կենտրոնական Ասիայի եւ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում։ «Սա լուրջ փոփոխությունների տարի էր, բայց չինական տեսակետից՝ ամեն բան այնքան էլ արմատականորեն չի փոխվել»,- ասել է նա։ «Աֆղանստանի հետ Տաջիկստանի՝ ոստիկանության կողմից դժվար պահպանվող սահմանը նրանց համար անհանգստության մշտական աղբյուր է եղել, եւ նրանք ցանկանում են իրենք լուծել հարցը»։

Տարածաշրջանի համար անհանգիստ տարվա համատեքստում, որը դարձել է Ղազախստանում հունվարին տեղի ունեցած անկարգությունների, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ հակամարտության, Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում անկայունության վկան, Պեկինն առաջարկել է իր աջակցությունը տեղի իշխանական մարմիններին, բայց հեռավորություն է պահպանել ճգնաժամերի ֆոնին։ Պանտուչին ասել է, որ չնայած Չինաստանն անհանգստացած է անկայունությամբ, բայց չի ցանկանում տարածաշրջանի խնդիրներում դատավոր դառնալ։ «Չկա տեղային խնդիրների մեջ ներքաշվելու ցանկություն։ Կա հեռավորություն պահպանելու եւ միայն նրանց հետ գործ ունենալու ցանկություն, ովքեր կհայտնվեն բարձունքում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ