Ցեղասպանության բոլոր դեպքերը պետք է ճանաչվեն միջազգային մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրականացրած պետությունների կողմից։ Այս մասին Երեւանում ընթացող ցեղասպանության հանցագործության դեմ չորրորդ գլոբալ համաժողովին հայտարարեց Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության բաժնի վարիչ, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Յեդեն-Ֆորգեյը։
Նա հիշեցրեց, որ համաժողովը Երեւանում անցկացվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է հարեւան երկրների կողմից նոր ցեղասպանության սպառնալիքների առաջ։
Էլիզա ֆոն Յեդեն-Ֆորգեյը, սակայն, նշեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ամբողջ աշխարհում ցեղասպանության հարցերն ուսումնասիրողների կողմից։
«Քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրվել է 1948 թվականին, մենք այժմ չենք կարող Հայոց ցեղասպանության հարցով հետգործուն դատավարություններ անցկացնել։ Մեղավորներից ոչ մեկն անգամ ողջ չէ։ Հետեւաբար, մենք չունենք իրավական որոշում Հայոց ցեղասպանության մասին՝ որպես ցեղասպանություն՝ օգտագործելով այս բառը»,- ասաց նա՝ հավելելով, որ, սակայն, միջազգային հանրության մեջ կա կոնսենսուս, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է։
«Այսպիսի համաժողովները պարզապես համախմբում են ցեղասպանության ուսումնասիրման եւ կանխարգելման ոլորտում ամենապայծառ ուղեղները, որոնք միաձայն հայտարարում են, որ հայերի հետ կատարվածն իրականում ցեղասպանություն է։ Ուստի, որքան շատ նման համաժողովներ են անցկացվում, այնքան գլոբալ իրազեկվածությունն այս խնդրի վերաբերյալ մեծ է դառնում»,- հավելեց նա:
Նրա խոսքով, ամենահզոր գործիքը, որն այժմ ունենք, դիվանագիտական ճնշումն է Թուրքիայի վրա։
«Մինչ այժմ բավարար դիվանագիտական ճնշում չի գործադրվել Թուրքիայի վրա ցեղասպանությունը ճանաչելու համար։ Դա պայմանավորված է Թուրքիայի շատ կարեւոր աշխարհառազմավարական դիրքով եւ այն հզորությամբ, որը նա ունի աշխարհում եւ հատկապես ՆԱՏՕ-ում»,- հավելեց նա։