News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ազգային արխիվը հրապարակել է հազարավոր փաստաթղթեր՝ կապված 1963թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հրապարակումը թույլատրող կարգադրություն է տվել։

Սպասվում էր, որ 13173 փաստաթղթերի հրապարակումը որեւէ նոր բացահայտում չի պարունակի կամ չի փոխի այն եզրակացությունները, որոնց հանգել էր գլխավոր դատավոր Էռլ Ուորենի նախագահությամբ հանձնաժողովը։ Ըստ հանձնաժողովի՝ Լի Հարվի Օսվալդը՝ նախկին ծովային հետեւակը եւ կոմունիստական ակտիվիստը, որը բնակվում էր Խորհրդային Միությունում, մենակ է գործել։  Սակայն, փաստաթղթերի հրապարակումը օգտակար կլինի սպանության հետ կապված իրադարձություններով զբաղվող պատմաբանների համար:

Քենեդին սպանվել է 46 տարեկան հասակում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ իր ավտոշարասյունը անցնում էր Դալլասով։

Հազարավոր գրքեր, հոդվածներ, հեռուստաշոուներ եւ ֆիլմեր ուսումնասիրում էին այն գաղափարը, որ Քենեդու սպանությունը մանրակրկիտ մտածված դավադրության արդյունք էր: Նրանցից ոչ մեկը համոզիչ ապացույց չէր ներկայացրել, որ Օսվալդը, ում Քենեդիի սպանությունից երկու օր անց սպանել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին, աշխատում էր եւս մեկի հետ:

Հրապարակված փաստաթղթերից շատերը պատկանում են Կենտրոնական հետախուզական վարչությանը, դրանց մի մասը վերաբերում են  Օսվալդի տեղաշարժերին եւ նրա շփումներին։ Մյուս փաստաթղթերը նվիրված են սպանությունը հետաքննող Ուորենի հանձնաժողովի հարցումներին:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ կառավարությունը Օսվալդի դեմ այսպես կոչված 201 Գործը բացել էր 1960 թվականի դեկտեմբերին՝ Քենեդիի սպանությունից գրեթե երեք տարի առաջ եւ 1959 թվականին Օսվալդի՝ Խորհրդային Միություն տեղափոխվելու անհաջող փորձից հետո:

1963 թվականի դեկտեմբերի փաստաթղթում նշվում է, թե ինչպես են Մեխիկոյում ԿՀՎ-ի պաշտոնյաները «գաղտնալսել» հոկտեմբերին Օսվալդի կողմից այդ քաղաքից ԽՍՀՄ դեսպանատուն կատարած հեռախոսազանգը՝ «իր անունով» եւ «կոտրված ռուսերենով»: Փաստաթղթերի համաձայն՝ Օսվալդը հույս ուներ Ռուսաստան գնալու ճանապարհին Կուբայով անցնել եւ ցանկանում էր վիզա ստանալ։

Սկզբում մտավախություններ կային, որ Ռուբին՝ Օսվալդի  մարդասպանը, կարող էր ինչ-որ կապ ունենալ Օսվալդի հետ: Բայց 1964 թվականի սեպտեմբերին սպանության հետաքննությամբ զբաղվող նախագահական հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված հուշագրում ասվում էր, որ «Կենտրոնական հետախուզական վարչությունը որեւէ ապացույց չունի այն մասին, որ Ռուբին եւ Լի Հարվի Օսվալդը երբեւէ ճանաչել են միմյանց, կապված են եղել կամ կարող են որևեւէ կերպ կապված լինել»:

Կոնգրեսը 1992 թվականին հանձնարարել է, որ Քենեդիի մահվան հետաքննության հետ կապված մնացած բոլոր կնքված ֆայլերը 25 տարի հետո ամբողջությամբ հրապարակվեն Ազգային արխիվի միջոցով՝ մինչեւ  2017 թվականի հոկտեմբերի 26-ը, բացառությամբ նրանց, որոնց նախագահը հրամայել է դեռեւս չհրապարակել:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ մնացած բոլոր ֆայլերը կհրապարակվեն 2021 թվականի հոկտեմբերին: Բայդենը հետաձգել էր  այս հրապարակումը՝ պատճառաբանելով COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած ձգձգումները, եւ հայտարարել էր, որ դրանք կբացահայտվեն երկու փուլով․ առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 15-ը՝ մեկամյա ինտենսիվ ստուգումից հետո:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ