Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ուրբաթ օրը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նրա գործունեությունը հանցավոր արկածախնդիր բնույթի է։ Կարծում ենք՝ սրան պետք է անհապաղ վերջ տրվի։ Որքան շուտ այդ մարդը հեռանա տարածաշրջանից, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար։ Դրանից առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը, որի վերաինտեգրմանն այդ մարդը խանգարում է, քանի որ այդ ուղղությամբ մինչեւ նրա հայտնվելն արդեն կային դրական շփումներ, դրական նախագծեր, եւ մենք կարծում ենք՝ այս գործոնը շատ վնասակար եւ ապակայունացնող է։ Միաժամանակ, բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում նպաստել տեղի բնակչության վերաինտեգրմանը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է հետագայում էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,– ասել է Բայրամովը։





























