News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պատերազմի հարցում միակ բանը, որում այժմ կարելի է վստահ լինել, այն է, որ ռազմական գործողություններն ու ավերածությունները շարունակվելու են։ Այս մասին Washington Post-ի համար իրենց հոդվածում գրում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը։

«Վլադիմիր Պուտինը առաջվա պես լիովին հավատարիմ է այն բանին, որ ամբողջ Ուկրաինան Ռուսաստանի վերահսկողության տակ վերադարձնի կամ, եթե դա չհաջողվի, ոչնչացնի նրան որպես կենսունակ երկիր: Նա կարծում է, որ իր պատմական ճակատագիրը Ռուսական կայսրությունը վերականգնելն է, եւ, ինչպես շատ տարիներ առաջ նշել է Զբիգնեւ Բժեզինսկին, առանց Ուկրաինայի չի կարող լինել Ռուսական կայսրություն։

Մենք երկուսս էլ բազմիցս գործ ենք ունեցել Պուտինի հետ, եւ համոզված ենք, որ նա կարծում է, թե ժամանակն իր կողմն է՝ մտածելով, որ կարող է հյուծել ուկրաինացիներին, եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միասնությունն ու Ուկրաինային աջակցությունը ի վերջո կփլուզվի ու կպառակտվի: Իհարկե, ռուսական տնտեսությունը եւ մարդիկ կտառապեն, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց ռուսները շատ ավելի վատ ժամանակներ են ապրել:

Պուտինի համար պարտությունը տարբերակ չէ։ Նա չի կարող Ուկրաինային զիջել այն չորս արեւելյան շրջանները, որոնք Ռուսաստանի մաս է հայտարարել։ Եթե այս տարի նա չկարողանա ռազմական հաջողության հասնել, նա պետք է պահպանի վերահսկողությունը Ուկրաինայի արեւելքում եւ հարավում, որոնք ապագայում հարձակումը վերսկսելու հարթակ կդառնան՝ Սեւ ծովի ուկրաինական ափի մնացած հատվածը գրավելու եւ Դոնբասի ողջ շրջանը վերահսկելու համար, իսկ հետո առաջ շարժվի դեպի արեւմուտք... Հաշվի առեք, որ Պուտինը համբերություն կցուցաբերի իր ուզածին հասնելու համար։

Միաժամանակ, թեեւ ներխուժմանը Ուկրաինայի պատասխանը հերոսական էր, իսկ նրա զինված ուժերը իրենց փայլուն դրսեւորեցին, երկրի տնտեսությունն անկում է ապրում, միլիոնավոր մարդիկ փախել են, նրա ենթակառուցվածքները ավերվել են, իսկ հանքանյութերի, արդյունաբերական հզորությունների եւ գյուղատնտեսական նշանակության հողերը զգալի մասը Ռուսաստանի վերահսկողության տակ են։ Ուկրաինայի ռազմական ներուժն ու տնտեսությունն այժմ գրեթե ամբողջությամբ կախված են այն կենսական կարեւոր ուղիներից, որոնք գալիս են Արեւմուտքից, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներից։ Ուկրաինական եւս մեկ խոշոր բեկման եւ ռուսական զորքերի դեմ հաջողության բացակայության դեպքում Ուկրաինայի վրա Արեւմուտքի ճնշում կլինի՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար: Ներկա պայմաններում հրադադարի մասին ցանկացած համաձայնություն ռուսական ուժերին կթողնի ուժեղ դիրքերում՝ ներխուժումը վերսկսելու համար, երբ նրանք պատրաստ լինեն: Դա անընդունելի է։

Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների համար նման սցենարից խուսափելու միակ միջոցը Ուկրաինային ռազմական մատակարարումների եւ կարողությունների կտրուկ ավելացումն է այն չափով, որ բավարարի ռուսական հարձակումների վերսկսմանը դիմակայելու համար եւ թույլ տա Ուկրաինային ռուսական ուժերը հետ շպրտել դեպի արեւելք ու հարավ։ Կոնգրեսը բավականաչափ գումար է տրամադրել նման ամրապնդումները վճարելու համար, այժմ անհրաժեշտ են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների որոշումները՝ ուկրաինացիներին անհրաժեշտ լրացուցիչ ռազմական տեխնիկա, առաջին հերթին շարժական զրահատեխնիկա հատկացնելու համար: Bradley մարտական մեքենաների մատակարարման ԱՄՆ-ի որոշումը գովեստի է արժանի, թեկուզ ուշացած։ Քանի որ ամերիկյան Abrams ծանր տանկեր ուղարկելու հետ կապված լոգիստիկ լուրջ խնդիրներ կան, Գերմանիան եւ մյուս դաշնակիցները պետք է բավարարեն այդ կարիքը։ ՆԱՏՕ-ի անդամները պետք է նաեւ ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ժամանակակից անօդաչու սարքեր, զինամթերքի զգալի պաշարներ (ներառյալ հրետանային արկեր), հետախուզության ու դիտարկման լրացուցիչ միջոցներ եւ այլ սարքավորումներ տրամադրեն ուկրաինացիներին: Այս հնարավորություններն անհրաժեշտ են շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում:

Ավելի ու ավելի հաճախ են Կոնգրեսի անդամները եւ այլ անձինք մեր հրապարակային ելույթներում հարց տալիս. «Ինչո՞ւ պետք է մեզ դա անհանգստացնի: Դա մեր պայքարը չէ»։ Սակայն Միացյալ Նահանգները 1914, 1941 եւ 2001 թվականների դառը փորձից սովորել է, որ չի կարելի անտեսել չհրահրված ագրեսիան եւ օրենքի գերակայության ու միջազգային կարգի դեմ ոտնձգությունները: Ի վերջո, մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է, եւ մենք ներքաշվել ենք հակամարտության մեջ։ Այս անգամ աշխարհի տնտեսությունները, այդ թվում՝ մերը, արդեն զգում են գնաճային ազդեցությունն ու արգելակումը, որը Պուտինի նպատակաուղղված ագրեսիայի հետեւանք է։ Ավելի լավ է նրան հիմա կանգնեցնել, քանի դեռ ավելին չեն պահանջել ԱՄՆ-ից եւ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ից։ Մենք Ուկրաինայում ունենք վճռական գործընկեր, որը պատրաստ է կրել պատերազմի հետեւանքները, որպեսզի մենք ստիպված չլինենք ինքներս դա անել ապագայում։

Անցյալ ամիս Կոնգրեսում նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը մեզ հիշեցրեց 1941 թվականի փետրվարին Ուինսթոն Չերչիլի կոչը. «Տվեք մեզ գործիքներ, եւ մենք կավարտենք գործը»: Մենք համաձայն ենք Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից խուսափելու Բայդենի վարչակազմի վճռականության հետ։ Սակայն համարձակություն դրսեւորող Պուտինը կարող է մեզ չտալ այդպիսի ընտրություն: Ապագայում Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար մենք պետք է օգնենք Ուկրաինային այժմ հետ մղել օկուպանտին։ Սա պատմության դաս է, որով մենք պետք է առաջնորդվենք, եւ այն հրատապություն է տալիս այն գործողություններին, որոնք պետք է ձեռնարկել, քանի դեռ շատ ուշ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ