News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի ներդրողը, որը Հայաստանում գործող ընկերությունում հարյուր հազարավոր դոլարների ներդրումներ է արել, ավելի քան տասը տարի չի կարողանում վերադարձնել իր միջոցները։ Տխուր իրավիճակի, գործընկերների խարդախության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության չկայացածության եւ գործող իշխանությունների՝ իրենց պարտավորությունները կատարել չցանկանալու մասին NEWS.am-ին պատմել է ինքը՝ դատարանի կողմից տուժող չճանաչված Ռազմիկ Վանյանցը։

Հեռավոր 2011թ. ՌԴ քաղաքացի Վանյանցը որոշում է ներդրումներ կատարել պատմական հայրենիքում եւ ձեռք է բերում «Ելգավա» ՍՊԸ կանոնադրական կապիտալի 45 տոկոսը։ «Գործարքը կնքվում է ՀՀ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքին եւ «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» միջազգային փաստաթղթին համապատասխան։ 2011-12թթ. Վանյանցն ավելի քան 400 հազար դոլարի ներդրումներ է կատարում։ Իսկ հետո սկսվում է խարդախ մեխանիզմի գործադրումը՝ իրավապահ մարմինների թողտվությամբ։ ՍՊԸ մյուս բաժնետերերը «տանում» են փողը՝ արդյունքում սնանկացնելով ընկերությունը։

2011թ. նոյեմբերին Վանյանցը «Ելգավա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքում, որի համաձայն՝ 235 հազար դոլար հանձնում է մինչեւ 2012թ. մայիսի 1-ը վերադարձնելու պայմանով՝ տարեկան 18 տոկոսով։ Գործարքի հանգամանքները սահմանվել եւ հաստատվել են Երեւանի առաջին ատյանի դատարանի 2015թ. սեպտեմբերի 24-ի որոշմամբ, նույն որոշմամբ հաստատվել է, որ փողերը Վանյանցին չեն վերադարձվել եւ ենթակա են վերադարձման։ Տոկոսների չափն այդ պահին կազմում էր 7 հազար դոլարից մի փոքր ավելի։ Չնայած դատարանի որոշումը վաղուց մտել է ուժի մեջ, այն այդպես էլ չի կատարվել։

Շուտով ներդրողը, հասկանալով, որ կատարվում է այն, ինչ չպետք է կատարվեր, սկսում է պարզել, թե ուր են կորչում փողերը։ Փայատերերից ներդրումների վերադարձի չհասնելով՝ 2013թ. ամռանը Վանյանցը տեղեկացնում է հանցագործության մասին, որը կատարել է ընկերության տնօրեն Արա Գրիգորյանը։ Հարուցվում է քրեական գործ Քր.օր. 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հանցանշաններով։ «Սակայն քննիչների եւ դատախազների բազմաթիվ կոպիտ սխալների պատճառով մեղավորներին հաջողվում է խուսափել քրեական պատասխանատվությունից եւ պատժից, իսկը ինքը զրկվում է վնասի փոխհատուցում ստանալու իրավունքից։ Ի դեպ, այդ սխալները եւ խախտումները հաստատված են դատարանի ուժի մեջ մտած որոշումներով»,- ասում է Վանյանցը։ Որպես օրինակ նա նշել է քննիչի որոշումը Գրիգորյանի քրեական հետապնդման եւ փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրանքով վարույթի դադարեցման մասին՝ հանցակազմի բացակայության հիման վրա։ Որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարանում, որը Վանյանցի իրավունքների խախտումը ճանաչել է եւ պարտավորեցրել է քննչական մարմնին ուղղել խախտումը։ Դատարանը նաեւ ճանաչել է քննչական մարմնի թույլ տված մի շարք սխալները, այդ թվում Ռազմիկ Վանյանցին որպես տուժող ճանաչելու միջնորդությունից հրաժարվելը՝ մինչեւ էական հանգամանքների բացահայտումը, իսկ հետո այդ հարցին չվերադառնալը։ «Վերաքննիչ դատարանը համարել է, որ ինձ տուժող չճանաչելը անհնար է դարձրել օրենքով տրամադրված իրավունքներից օգտվելու եւ հասցված վնասը վերադարձնելու հնարավորությունը»,- նշել է Վանյանցը։ Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել վերաքննիչ բողոքների փաստարկներն այն մասին, որ համաձայն «Ելգավա» ՍՊԸ-ի կանոնադրության՝ այն ստեղծվել է 2002թ. Է.Հարությունյանի կողմից։ Իրավաբանական փաստաթղթերի համաձայն՝ Արա Գրիգորյանը ոչ մի կապ չուներ ՍՊԸ-ի ստեղծման եւ գործունեության հետ։ Վիճարկվող շրջանում որպես հիմնադիր մասնակիցներ հանդես էին գալիս Ռազմիկ Վանյանցը, որը տնօրինում էր բաժնեթղթերի 55 տոկոսին, Է.Հակոբյանը՝ 35 տոկոսին, Ա.Գրիգորյանը՝ 10 տոկոսին։ Արա Գրիգորյանը գրանցվել է ՍՊԸ-ի տնօրեն 2011թ. հունիսի 11-ից մինչեւ 2013թ. հոկտեմբերի 14-ը։ Բաժնեթղթերի մեծ մասը պատկանել է Վանյանցին, եւ Գրիգորյանը պարտավոր էր ստանալ Վանյանցի համաձայնությունը եկամուտների տնօրինման հարցում։ Սակայն իրականում եկամուտները, ինչպես եւ ներդրումները բոլորովին այլ հունով են գնացել՝ Գրիգորյանի երեխաների ուսման վարձին եւ բնակվարձերին, չհամաձայնեցված առքուվաճառքներին, ամբողջ գործունեությունն ընդհանուր առմամբ ուղեկցվել է բացահայտ խարդախությամբ, ինչպիսին են արտադրանքի պիտակները փոխելը, «երկակի սակագները» եւ իբր փչացած ապրանքները, հաշվապահական փաստաթղթերի կեղծումները։

«Չնայած ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարաններն ընդունել էին իմ ճշմարտացիությունը, քննչական մարմինը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չվերականգնեցին իմ իրավունքները»,- նշել է Վանյանցը։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 27.06.2019թ. որոշմամբ մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը։ 03.12.2019թ. քրեական գործով նոր հետաքննության ընթացքում  նշանակվել է համալիր դատա-հաշվապահական եւ դատա-տնտեսական փորձաքննություն, որի անցկացումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ին։ Փորձաքննությունն առ այսօր չի ավարտվել, եւ չկա համապատասխան փորձագիտական եզրակացություն։ Տարիներ անց փորձագետը դեռ հետազոտում է նյութերը։

Տասը տարի տեւած դատաքննությունների հետեւանքը դարձավ դատարանում գործի դիտարկման ժամկետի ավարտը։ Ներկայում «Ելգավա» ՍՊԸ-ն սնանկ չի ճանաչվել, բայց գոյություն ունի թղթի վրա։ «Քննության եւ դատախազության մարմինները աչքերը փակել են, թաքցրել այն փաստը, որ նախապես իմանալով, որ Արա Լենոյի Գրիգորյանը, կասկածյալ լինելով, եւ որպեսզի ազատվի քրեական պատասխանատվությունից, քննիչ Տիգրան Մուրադյանին է ներկայացրել կեղծված փաստաթղթեր, որոնք նախապես օգտագործել էր ավանսային վճարումների (ԱԱՀ) վերադարձի հետ կապված խարդախություններում, որոնք վճարվել են մաքսային մարմնում։ Արա Գրիգորյանը խարդախություն է կատարել ՀՀ պետության դեմ։ Իսկ պաշտոնատար անձինք, որոնք կոչված էին պաշտպանելու ՀՀ պետության շահերը, միտումնավոր կոծկել են այդ հանցագործությունը, ավելին՝ գիտեին, որ պետության բյուջեից անօրինաբար հետ են կանչել 12 460 000 դրամ։ Փաստաթղթերը, որոնք Արա Գրիգորյանն օգտագործել է խարդախության համար, եւ որոնք նաեւ ներկայացրել է քննիչ Տ.Մուրադյանին, փորձագետի եզրակացությամբ կեղծված  են ճանաչվել»,- փաստել է Վանյանցը։

«Այլ բան չէր մնում անելու, քան «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը գործադրելը եւ ուղիղ կառավարություն դիմելը՝ վնասը փոխհատուցելու համար»,- ասում է Ռազմիկ Վանյանցը։ Ներկա պահին փոխհատուցման ենթակա գումարը, հաշվի առնելով տոկոսները, հասել է 545 հազար 200 դոլարի։ Երկար եւ չարդարացված ընթացակարգերից հետո, շարունակել է Վանյանցը, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հանձին ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային եւ իրավական հարցերի գրասենյակի ներկայացուցչի, նա տեղեկացվել է բանակցությունների սկսվելու մասին։

Բանակցությունները Եղիշե Կիրակոսյանի հետ կայացել են 2022թ. հոկտեմբերի 6-ին։ «Պարոն Ե.Կիրակոսյանը ընդունել է մեր պահանջների օրինականությունը։ Խոստացել է առնվազն 10 օրվա ընթացքում տեղեկացնել մեզ հետագա գործողությունների մասին։ Բայց հետո հաջորդել է լռություն, իսկ Կիրակոսյանն այլեւս կապի մեջ չի մտել»,- նշում է Վանյանցը։ Նույն ճակատագիրը՝ լռություն, բաժին է ընկել նաեւ ՀՀ իշխանություններին ՌԴ դեսպանության դիմումի պարագայում։

Ավելի քան մեկ ամիս սպասելով՝ նա նամակներով դիմել է անձամբ վարչապետեր Նիկոլ Փաշինյանին եւ Միխայիլ Միշուստինին։ «Նամակում ես խնդրում են կատարել այն պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորված են ինձ՝ օտարերկրյա ներդրողիս Ռուսաստանի Դաշնությունից, եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը»,- ընդգծել է կրթությամբ իրավաբան Վանյանցը՝ պարզաբանելով, որ «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» միջազգային փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորել է ՌԴ կառավարությանը եւ նրա քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց ֆինանսական միջոցները ներդնել (կատարել են ներդրումներ) Հայաստանի Հանրապետությունում, կապիտալ ներդրումների  «լիակատար պաշտպանություն»։ «Պարզելով իմ ներդրումների հափշտակման փաստը՝ ես անմիջապես դիմել եմ Հայաստանի իշխանություններին, այսինքն՝ քննության մարմիններին, ֆինանսական միջոցների հափշտակման մասին հայտարարությամբ, որոնք ես ներդրել եմ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում։  Իմ հայտարարության եւ հավաքված նյութերի հիման վրա Երեւանի քննչական կոմիտեն 29.11.2013թ. քրեական գործ է հարուցել ՀՀ Քր.օր. 179 հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Լենոյի Գրիգորյանի դեմ, որին 13.04.2015թ. ճանաչել են կասկածյալ, ինչից հետո կեղծ եւ սուտ փաստաթղթերի հիման վրա, որոնք միտումնավոր քննիչն ընդունել է որպես նյութեղեն ապացույցներ, եւ այդ փաստաթղթերի հիման վրա անօրինական կերպով ազատել քրեական պատասխանատվությունից  (հաստատված է ՀՀ ՓԱԳ փորձագետի եզրակացությամբ)։ Ես իմ կողմից կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը, ավելին՝ օտարերկրյա ներդրողի պարտքը եւ ժամանակին ու օպերատիվորեն տեղեկացրել հանցագործության մասին՝ այն հույսով, որ քրեական գործի հետաքննությամբ ճշմարտությունը կպարզվի եւ կպաշտպանվեն իմ կապիտալ ներդրումները, ինչպես երաշխավորել է ինձ՝ որպես օտարերկրյա ներդրողի, եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սակայն պետական մարմինները, հանձին ՀՀ քննչական մարմինների եւ դատախազության, որոնց ՀՀ պետությունը լիազորել է պաշտպանել տուժածների շահերը եւ Հայաստանի Հանրապետություն պետության շահերը, ընտրել են անօրինության ուղին, որը կիրառել են իմ՝ տուժածիս, Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա ներդրողիս հանդեպ, որը շարունակվել է ինը տարի։ Նրանք դա արել են ոչ անաչառ, այլ շահ ստանալու համար։ 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալով ենթադրյալ հանցագործներից՝ որոշել են տուժածի եւ ՀՀ պետության շահերին հակառակ, անօրինաբար դադարեցնել քրեական գործը եւ անօրինաբար ազատել քրեական պատասխանատվությունից անձանց, որոնք հատկապես խոշոր չափերի նյութական վնաս են պատճառել տուժածին եւ ՀՀ պետությանը»,- նշել է Վանյանցը Փաշինյանին գրած նամակում։ Կիրակոսյանի լռությունը նա գնահատում է որպես անօրինական. «Կարող եմ ենթադրել, որ նրա պահվածքը մեզ ավարտված բանակցությունների վերաբերյալ պատասխան ուղարկել չցանկանալու հետ կապված, պայմանավորված է նրանով, որ նրան հրամայել են..., այդպես վարվել, ինչն էլ Դուք պետք է պարզեք։ Ուզում եմ հավատալ, որ Դուք այդ մասին չգիտեք, եւ նրա պահվածքը կապված չէ Ձեր լիազորությունների հետ։ Ինձ թվում է, որ պարոն Ե.Կիրակոսյանին համոզել են, որ փողն ինձ չեն վերադարձնելու ոչ մի պատրվակով, անգամ եթե սա օրինական պահանջ է։ Գուցե, նրան տեղեկացրել են, որպեսզի նա որքան հնարավոր է երկար չպատասխանի մեր պահանջներին, մեր հասցեին պատասխան չուղարկի բանակցությունների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք համապատասխան որոշում կայացնել։ Հարգելի Նիկոլ Վովաեւիչ։ Կարծում եմ, արդարացի չէ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսպես վարվեն օտարերկրյա ներդրողների հանդեպ՝ ի դեմս ինձ»։

Ռազմիկ Վանյանցը վարչապետին ուղղված նամակում հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված է «անհապաղ» փոխհատուցել ներդրումները։ «Իսկ եթե Դուք որոշեք ինձ չվերադարձնել իմ ներդրումները, ապա ես Ձեզ խնդրում եմ իմ եւ փաստաբանիս հասցեին ուղարկել պաշտոնական նամակ, որպեսզի ես համապատասխան որոշում կայացնեմ։ Ես չէի ուզենա հավատալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է չվերադարձնել իմ ֆինանսական միջոցները, այն դեպքում, երբ երաշխավորել է դրանց պաշտպանությունը, անվտանգությունը եւ վերադարձը...

Չէի ցանկանա մտածել, ավելին՝ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է իմ հանդեպ խարդախություն կատարել, այսինքն՝ չվերադարձնել իմ ֆինանսական միջոցները, որոնք ՀՀ կառավարության երաշխիքով ներդրվել են ՀՀ տնտեսությունում։ Չէի ցանկանա նաեւ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չարաշահել է Ռուսաստանի Դաշնության կառավարության վստահությունը՝ խաբելով նրան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներգրավելու համար, որոնք համաձայն կլինեին ներդնել իրենց ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար»,- նշվել է նամակում։

NEWS.am-ի հարցազրույցում Ռազմիկ Վանյանցը կրկնել է. ՀՀ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված է, որ ներդրողը դատական կարգով իրավունք ունի վերադարձնել ներդրումները, այսինքն՝ պետք է տրամադրել ՀՀ դատական ակտերը, որպեսզի ներդրողին փոխհատուցեն նյութական եւ այլ վնասը։ «Իմ դեպքում ես այդպես էլ վարվել եմ։ 2015թ. դիմել եմ ՀՀ քաղաքացիական դատարան, որպեսզի պարզվի վնասը։ Իսկ 2015-2019թթ. 9 անգամ դիմել եմ ՀՀ քրեական դատարաններ, որպեսզի ապացուցեմ, որ պետական մարմինները՝ հանձին ՀՀ քննության եւ դատախազության մարմինների, աղաղակող կերպով խախտել են իմ նյութական եւ ընթացակարգային իրավունքները։ Քրեական դատարանների որոշումներն օրինական ուժի մեջ են մտել։ Քաղաքացիական դատարանը տվել է կատարողական թերթիկ, որով կատարողական վարույթ է հարուցվել, բայց հարկադիր կատարման ծառայությունն այդպես էլ չի կարողացել ինձ վերադարձնել իմ ներդրումները։ ՀՀ կառավարությունը երաշխավորել է կապիտալ ներդրումների «ԼԻԱԿԱՏԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ», ինչը բացառում է որեւէ ռիսկ օտարերկրյա ներդրողի համար։ Բոլոր ռիսկերը կրում է այդ կապիտալ ներդրումների պաշտպանությունը, անվտանգությունը եւ պահպանումը երաշխավորող կողմը։ Իմ ներդրումները «ուղիղ» են, այլ կերպ ասած՝ ես «կենդանի փող» եմ ներդրել եւ պահանջում եմ վերադարձնել դրանք»,- հիշեցել է ներդրողը։

Ռազմիկ Վանյանցը միաժամանակ հատկապես ընդգծել է, որ գիտակցորեն չի խնդրել ՀՀ կառավարությունից փոխհատուցել ծախսերը (որ կատարել է դատաքննությունների տարիներին- խմբ.), ինչպես նաեւ չի պահանջել 9 տարի պատճառված բարոյական վնասի գումարը։

Դեկտեմբերի 5-ին Վանյանցի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել երկրի իշխանություններին վճարել Ռազմիկ Վանյանցին 215 463 0403 (երկու հարյուր տասնհինգ միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար քառասուն) դրամ՝ 545,2 հազար (հինգ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր) դոլարին համարժեք գումար հանրապետության բյուջեից։  Պատասխանող կողմ է հանդիսանում ՀՀ կառավարությունը։ Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Վարչական դատարանը վերադարձրել է հայտը։ «Ստացա ՀՀ Վարչական դատարանի որոշումը, որով մեր հայտը վերադարձվել է ֆորմալ հիմքով։ Որոշման տեքստից բավական դժվար է հասկանալ, թե հատկապես ում նկատի ունի դատավորը։ Ես կարծում եմ, որ իրականում դատավորը պարզապես փորձել է ազատվել անհարմար գործից։ Կբողոքարկենք այս որոշումը Վերաքննիչ վարչական դատարանում»,- տեղեկացրել է Ալումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ