Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջեւ բարդ խնդիրներ են դրված՝ խոշոր աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով քարտուղարության եւ ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամների առաջ։
«Աշխարհը խոշոր աշխարհաքաղաքական մարտահրավերների ականատես է դառնում եւ պետք է լուծվեն շատ բարդ քաղաքական, տնտեսական եւ այլ խնդիրներ։ Ոչ պակաս բարդ խնդիրներ են դրված նաեւ ՀԱՊԿ-ի առջեւ։ Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները կապված են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու նրա ունակության հետ»,- ասել է Տասմագամբետովը։
Նա խորապես համոզված է, որ ՀԱՊԿ-ն կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները։