News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավում անցկացված պեղումների արդյունքում ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե շրջազգեստ է հայտնեբերվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։Նրա խոսքով, գտածոն հայտնաբերվել է դեռեւս 2010 թվականին։ Թեպետ այն ժամանակ էլ իրենք հայտնել են թանկարժեք նմուշի մասին, սակայն այժմ դրա հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծացել։

«Կանացի հագուստը թվագրվում է մ. թ.ա. 39 դարին։ Առայժմ հայտնաբերվել են կիսաշրջազգեստի մասերը, որոնք, կարելի է ասել, հրաշալի են պահպանվել։ Հրաշալի գործվածք է՝ ռիթմիկ  գունային երանգներով։ Ծղոտե գործվածքների այլ մնացորդներ եւս հայտնաբերվել են։ Հայաստանում նման բան առաջին անգամ է արձանագրվում»,- նշեց Ավետիսյանը։ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ, գտածոն այժմ գտնվում է իրենց մոտ, սակայն մոտակա ժամերին կտարվի ռեստավրատորի մոտ, ով էլ, մինչեւ ֆրանսիացի մասնագետների ժամանումը, կզբաղվի ծռոտե հագուստի վերականգնմամբ։

«Ծղոտը մաքրելու տարբեր մեթոդներ կան, հատուկ միջոցներ են պետք, որպեսզի մշակելուց հետո այն պինդ եւ էլաստիկ մնա։ Մի փոքր հատված մենք արդեն իսկ մաքրել ենք, սակայն առավել հիմնավոր գորոծողությունների անցնելու համար կսպասենք եվրոպացի մասնագետներին»,- նշեց Պավել Ավետիսյանը՝ ավելացնելով, որ վերջնական կոնսերվացում անցնելուց հետո կանացի ծղոտե հագուստը կտեղափոխվի Հայաստանի Պատմության թանգարան եւ կներկայացվի ցուցադրության։ 

Նշենք, որ խոսքը միեւնույն քարանձավի մասին է, որտեղից 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։ Նույն քարանձավում էր հայտնաբերվել նաեւ աշխարհում ամենահին գինու հնձանը։

Հիշեցնենք, որ անցած տարի «Արենի 1» քարանձավում եղեգից պատրաստված գործվածքներ եւ մումիֆիկացված այծի մարմնի մի մասեր էին հայտնաբերվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ