News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոստուն միջնադարյան գյուղատեղիի հնագիտական պեղումների արդյունքում  բացված հնագիտական ժառանգությունը, հիմնականում կենցաղային խեցեղեն եւ մետաղական իրեր,  մինչ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին մշտական պահպանության հանձնվելը կցուցադրվի «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում: Այն կգործի 2011թ. սեպտեմբերի 17- հոկտեմբերի 17-ը, բացումը` սեպտեմբերի 17-ին,  ժամը 11:00-ին:  

Ցուցահանդեսը նվիրվում է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին եւ կրում է «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից» խորագիրը:  Այցելուին կներկայացվեն 235 հնագիտական առարկաներ` դաջազարդ կարասների  բեկորներ, ջրատար խողովակներ, աշխատանքի մետաղական գործիքներ, ջնարակած խեցեղենի նմուշներ, թասեր, քրեղաններ, ապակե ապարանջաններ, որոնք  թվագրվում են 12-19 դարերով:

Նույն օրը` սեպտեմբերի 17-ին, արգելոց-թանգարանում կնշանավորվի նաեւ կրթամշակութային նոր նախաձեռնության` «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների հրապարակի  բացմամբ:   Նախագծի նպատակն է կարեւորել   երիտասարդ սերնդի դերը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում եւ խրախուսել հնագետի  մասնագիտության եւ հնագիտական պեղումների մասին նախնական գիտելիքների տարածումը միջին ու  բարձր դպրոցահասակ եւ ուսանող երիտասարդության շրջանում: Պատանի հնագետների համար նախատեսված պեղավայրը  բաղկացած է 3 սենյակներից` վերստեղծված Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների եւ Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով  բացված հատվածի նույնական պատկերով: Այս մոտեցումը պատանի հնագետներին թույլ կտա զգալ պատմամշակութային վայրի ոգին` ինչը եւս էական է ապագա մասնագետներ պատրաստելու ճանապարհին:

Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում:

Դպրոցականների համար հարմարեցված «Հնագիտության ներածություն» դասընթացի եւ գործնական պեղումների մեկնարկը նախատեսվում է 2012թ. մայիսից: Իսկ մինչ այդ` պեղավայրը կծածկվի հողով` ինչպես ընդունված է իրական հնավայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ