News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Թուրք-իսրայելական երկկողմ հարաբերություններում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. Թուրքիան որոշել է, որ կարելի է զոհաբերել Իսրայելի հետ ունեցած լավ հարաբերությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Իսկապես ճիշտ է այն խոսքը, որ կան հավերժական շահեր: Եւ այդ իմաստով այդ շահերի դաշտում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն: Թուրքիան որոշել է, որ կարելի է զոհաբերել Իսրայելի հետ ունեցած լավ հարաբերություններն այն տրամաբանությանը, որ այսօր փորձում է իրականացնել` ձգտելով դառնալ արաբական աշխարհի ներկայացուցիչը, առաջնորդը: Թուրքիան փորձում է այդ դաշտում իր դիրքերը հզորացնել»,- նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ այս փաստը, բնականաբար, չէր համատեղվում միեւնույն ժամանակ Իսրայելի հետ հարաբերությունների պահպանման եւ բարելավման գործընթացում:

«Այս լուրջ փոփոխությունն է, որը հնարավորություն է տվել Իսրայելին, որ ի հակադրումն դրա ներկայացնի Թուրքիայի իրական կերպարը, որ մինչեւ հիմա գիտեր, բայց չէր անում` ելնելով իր տվյալ պահին եղած քաղաքական շահերից: Այժմ այդ շահերը փոխվել են, Թուրքիան փաստորեն Իսրայելի նկատմամբ կատարում է թշնամական գործողություններ եւ Իսրայելը պետք է իր զինանոցն ամբողջացնի, որ կարողանա հակազդել այս մարտավարությանը: Այդ զինանոցը ով ուզում է հզորացնել, սկսում է հիշել, թե իրապես ինչպիսի պետություն է Թուրքիան, եւ ինչ հարաբերություններ ունի հարեւանների հետ»,- նշեց Ռուստամյանը` ընդգծելով, որ այդ հանգամանքը նաեւ նպաստավոր իրավիճակ կստեղծի մեզ համար` Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն ավելի հաջող իրականացնելու գործում, նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացում, որովհետեւ հրեական լոբբինգը ամենահզորներից է աշխարհում:

«Կարծում եմ, որ սա հնարավորություն կտա, որ առնվազն գոնե չխոչընդոտեն, որովհետեւ նախկինում շահերից ելնելով եղել են դեպքեր, որ խոչընդոտել են: Հիմա նրանք ավելի ազատ են, իսկ եթե միանան մեր լոբբինգին, ավելի դրական արդյունքներ կարող է տալ»,- նկատել է Արմեն Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news