
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Եվրոպայում հույզերն ավելի գերակշիռ են դարձել, քան բանականությունը։ Նա այս հայտարարությունն արել է Եվրախորհրդարանի կողմից այն բանաձեւին հավանություն տալուց հետո, որով Եվրամիության ղեկավարությանը կոչ է արվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, տեղեկացրել է IRNA գործակալությունը։
«Մենք հույս ունենք, որ Եվրամիության Նախարարների խորհրդում կգերակշռի իրատեսությունը»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցում հասկացրել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հուզական էին եւ ցանկանում էին արտահայտել իրենց անհանգստությունը։
«Ես բանակցություններ եմ վարել Շվեդիայի արտաքին գործերի նախարարի եւ պարոն Բորելի հետ, եւ նա հավաստիացրել է, որ նման հարց չի լինելու Արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Սակայն նա նշել է, որ չի կարող լիովին վստահել այդ հայտարարություններին։