
ԵՄ-ի խորհուրդն այսօր համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել (EUMA)՝ Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP)։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության աջակցությունն է, վստահության ամրապնդումը եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար պայմանների ապահովումը:
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման համար նոր փուլ է բացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին եւ սերտորեն կաշխատի երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», - ասվում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բարելի հայտարարության մեջ:
Առաքելությունը նաեւ ներդրում կունենա միջնորդական ջանքերում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացում։
EUMA-ի սկզբնական մանդատը կկազմի 2 տարի, իսկ օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS Քաղաքացիական պլանավորման եւ անցկացման տնօրենը: Առաքելության ղեկավարը, որը կզբաղվի տեղում գործողությունների իրականացմամբ, կնշանակվի առաջիկայում։