News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը ձգտում է, որպեսզի գործող նախագահ Էրդողանը պահպանի իշխանությունը եւ պահպանվեն այն պայմանավորվածությունները, որոնք կան, սակայն այդ դեպքում կուժեղանա ավտորիտար վարչակարգը Թուրքիայում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա ավելացրել է, որ Էրդողանն այժմ կենտրոնացել է իշխանությունը պահելու վրա, քանի որ ընտրությունները Թուրքիայում կարող են կասկածի տակ դնել շատ բան։

Էրդողանի հաղթելու շանսերը խորհրդարանական ընտրություններում նա համարել է ոչ շատ բարձր։ Նրա խոսքով՝ հարցումները ցույց են տվել, որ նրա գլխավորած կոալիցիան տանուլ կտա, քանի որ դժգոհությունը Թուրքիայում շատ մեծ է։ Սակայն Սաֆրաստյանը չի բացառել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ինքը՝ Էրդողանը, այնուամենայնիվ, չի կարող հաղթել։ «Պայքար կծավալվի, որի ընթացքում իշխանությունները կարող են դիմել տարբեր մեթոդների, ինչի դրսեւորումը դարձավ ընտրություններին Ստամբուլի քաղաքապետի մասնակցությունն արգելելը։ Եթե Էրդողանը տանուլ տա խորհրդարանական, բայց հաղթի նախագահական ընտրություններում, դա ռիսկեր կստեղծի Թուրքիայի ներքին քաղաքականության համար»,- ընդգծել է թուրքագետը։

Փորձագետը նշել է ԱՄՆ-ի դժգոհությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականության անկանխատեսելիությունից՝ հաշվի առնելով այն, որ Անկարան չի միանում պատժամիջոցներին եւ Ռուսաստանին տրամադրում է իր տարածքը։ «Այդ դժգոհությունն արտահայտվում է նրանով, որ ԱՄՆ նախագահը դեռեւս չի հանդիպել Էրդողանի հետ՝ չնայած վերջինը ձգտում է նման հանդիպում ունենալ։ Կա նաեւ հունական գործոնը, որը նաեւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ հավատարիմ դաշնակիցն է, եւ կա ուժեղ հունական համայնք Միացյալ Նահանգներում»,- ասել է մասնագետը։

ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը F-16-երի վաճառքի հարցում նա կապել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը Թուրքիայի հնարավոր համաձայնության հետ։ Սակայն փորձագետը կասկած է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կթույլատրի Թուրքիային վաճառել F-16-եր։ «Բայց Թուրքիան կարեւոր է ԱՄՆ-ի համար ե՛ւ աշխարհագրական դիրքի տեսակետից, ե՛ւ որպես ՆԱՏՕ-ի գծով հավատարիմ դաշնակից։ Բացի այդ, Անկարան կարող է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, եւ այդպիսի նշաններ արդեն նկատվում են, քանի որ Թուրքիայի իշխանությունները սահմանափակումներ են մտցնում ժամանակավոր կեցության թույլտվություն ստանալու հարցում։ Թուրքիան Ուկրաինային է հանձնել ոչ միայն անօդաչուներ, այլեւ զրահապատ մեքենաներ։ ԱՄՆ-ում սա նկատի են ունեցել»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ 2023թ. մայիսին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ