News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք էստեղ բնակվել ենք ու բնակվելու ենք, ոչ ոք մեզ էստեղից չի կարող հանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Աշտարակի խճուղում գտնվողն ՊՆ-ի նախկին շենքում բնկություն հաստատած քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ անտերության մատնված այս շենքում  բնակություն են հաստատել տարբեր անօթեւան մարդիկ, հիմնականում պատերազմի մասնակիցներ՝ իրենց ընտանիքներով: Իսկ 5 օր առաջ անջատել են շենքի էլեկտրականությունը, քանի որ շենքը հանձնվել է ՊԵԿ-ին, իսկ բնակիչները չեն ուզում ազատել տարածքը:

«Ո՞ր մեկի պապան է սարքել էս տարածքը, որ ասում են՝ իրենցն է: Էս տարածքը եղել է Վազգեն Սարգսյանինը, ինքն էլ մերն է: Մեզ էստեղից չեն կարա հանեն, էստեղ բոլորն էլ պատերազմ տեսած տղերք են, սաղի աչքերի մեջ արյուն կա:

Մենք որ եկել ենք էստեղ չի եղել լուսամուտ, որովհետեւ գեներալները, պաշտոնատար վիժվածքները պատուհանները տարել, ծախել, կերել են: Էս շենքը մերն է, կռված տղերքինն ա, զոհվածների երեխեքինն ա: Էդքան հողերը տվին, էս մի փոքր տարածքը թող թողնեն, որ կարիքավոր մարդիկ ապրեն: Մինչև էստեղ գալը տուն չեմ ունեցել, թե վարձով եմ ապրել, թե բարեկամի տանն եմ ապրել: Մեզ այս շենքի մասին հուշել է մեզ պես մի մարդ, որ ցանկացել է օգտակար լինել անտուն, կռված տղերքին»,-ասաց բնակիչներից մեկը, ով իր երեք երեխաների ու կնոջ հետ ապրում է այս շենքում:

Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Այդ կառավարությանը մենք ենք աթոռ տվել, մենք ենք գնել այդ աթոռը, որ այսօր նստել է ու վայելում է: Ես միսը 180 հազար դրամ վարձ եմ տալիս, վարձով ապրում ենք: Հիմա մարդիկ լավություն են արել»:

Մի կին էլ, որ ինչպես պարզվեց, այստեղ զբաղվում է կազմակերպչական հարցերով, նշեց. «Եթե շենքը ՊԵԿ-ինն է, ո՞ւր է, ինչու չի գալիս պաշտպանի իր պետական շենքը: Թալանեցին տարան, ու 5 տարուց ավել էս շենքը դատարկ մնաց: Քարերն էլ են պոկել: ՊԵԿ-ն ուզում է նստի այս շենքում, բայց ՊԵԿ-ն ունի իր շենքը, թող էնտեղ նստի, ղեկավարի: Եթե շատ է ցավում իր շենքի մասին, թող տեր կանգներ, չավերեր: ՊԵԿ-ն էլ լույսը անջատել է, որ ժողովուրդը հանձնվի ու դուրս գա էստեղից: ԳՀասկացանք՝ պետական է, բայց պետական հողն ով է ստեղծել: Ստեղծել է ժողովուրդը»:

Նա պատմեց, որ ամիսներ առաջ ՊԵԿ-ից եկել է, ոստիկանների ուղեկցությամբ, ցուցակ են կազմել, թե ովքեր են ապրում ՊՆ-ի նախկին շենքում ու գնացել են. «ՊԵԿ-ը Եղվարդի ոստիկանության ներկայացուցիչների հետ մտել է ամեն մի տունը, գրանցել բնակվողների թիվն ու տվյալները: Դա եղել է մեկ ամիս առաջ: Զգուշացրեցին, որ եթե դուք էստեղից դուրս չգաք, մենք ուժ կգործադրենք: Իրենք ասում են, որ սա իրենց շենքն է: ՊԵԿ-ը հոկտեմբերից տեսել են, որ այստեղ շարժ կա և սկսել են զգուշացնել, որ դուրս գանք»:

 Կինը պատմեց, որ աշնանը այս շենք է այցելել Նիկոլ Փաշինյանը, դրա համար նախապես Եղվարդի ոստիկանները տարել են այստեղ բնակվող տղաներին, որ հանկարծ վարչապետի հետ հանդիպում չլինի. «Նիկոլ Փաշինյանը մտել է այստեղ, դռները ջարդել է, գնացել է, նոր մեր տղաներին բաց են թողել»:

ՊՆ նախկին շենքում երեք երեխաների հետ բնակվող կինն էլ ասաց, որ այստեղ բնակվում ենք ընտանիքով, 5 հոգով. «Երեք երեխաներից մեծը մյուս տարի գնում է բանակ: Երկու ամիս է այստեղ ենք բնակվում: 20 տարի վարձով էինք ապրում: Սկզբում վարձն էժան էր, հետո թանկացավ, 70 հազարից հասավ 150 հազար դրամի, կոմունալներով ծախսը 220 հազար էր կազմում: Մենք ապրել ենք Բանգլադեշում: Երեխաներիցս երկուսը հաշմնդամ են, ամուսինս պատերազմի մասնակից է: Լեռնիկ Տեր-Պետոյանի միջոցով եկել ենք էստեղ: Մեր պահանջն է՝ թողեք մեզ հանգիստ: Այլևս չենք կարող վարձով ապրել: Մենք չենք ասում՝ եկեք սարքեք, մեզ տուն տվեք: Թող թողնեն, մենք կսարքենք, կապրենք: Պատը քանդած է եղել, պատուհան չի եղել, կոյուղի ենք քաշել, չի եղել»:

Տարոն Հովհաննիսյան անունով տղամարդն էլ վստահեցրեց, որ այս շենքը ՊՆ-ի հեռանալուց հետո իրեն են հանձնել. «Այո, սա պետական շենք էր, բայց պետությունը էստեղից գնաց, սա մնաց մեզ: Էսքան մարդիկ անապահով են, կարիք ունեն էստեղ մնալու: ՊՆ-ն գնացել է ու անտերության է մատնել: ՊՆ-ն ինձ է տվել շենքը, թղթով գրել է, որ թողնում է պահակակետում ապրող Տարոն Հովհաննիսյանին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տպել
Ամենաշատ