News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջատար տնտեսագետները անհնարին են համարել Արգենտինայի եւ Բրազիլիայի միասնական արժույթ ստեղծելու գաղափարը՝ ասելով, որ երկու երկրների նախագահների կողմից առաջ քաշված գաղափարը չափազանց շատ գործնական խոչընդոտների է հանդիպում՝ այն իրականություն դարձնելու համար, գրում է Bloomberg-ը։

Allianz SE-ի գլխավոր տնտեսական խորհրդատու եւ Bloomberg Opinion-ի վերլուծաբան Մոհամմեդ Էլ-Էրիանը Twitter-ում գրել է, որ Հարավային Ամերիկայի երկու խոշորագույն տնտեսություններն ի վիճակի չեն իրականացնել այդ գաղափարը՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները, եւ որ միասնական արժույթը «հեռու է իրականությունից»:

Անգլիայի բանկի տնտեսագետ Ջոն Բարդերն ասել է, որ երկու երկրների միջեւ արժութային միությունը «հավակնոտ» կլիներ, իսկ Չիլիի կենտրոնական բանկի նախկին նախագահ Խոսե դե Գրեգորիոն ասել է, որ Բրազիլիան վտանգում է իր խելամիտ դրամավարկային քաղաքականությունը՝ իր արժույթը Արգենտինային կապելով։ «Դա այնքան էլ իմաստ չունի»,- ասել է նա Radio Infinita-ին:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարն առաջարկն անվանել է «խելագար», իսկ ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսն այն անվանել է «խիստ խնդրահարույց՝ հաշվի առնելով տնտեսության մեջ տարբերությունները»:

Բրազիլիան եւ Արգենտինան ցանկանում են վերսկսել ֆինանսական եւ առեւտրային գործարքների համար միասնական արժույթի ձեւավորման շուրջ քննարկումները, տարածաշրջանային գագաթաժողովից առաջ տեղական թերթերից մեկում հրապարակված համատեղ հոդվածում գրել են նախագահներ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան եւ Ալբերտո Ֆերնանդեսը:

Թեեւ առաջարկը նպատակ ունի խթանել տարածաշրջանային առեւտուրը եւ ինտեգրել հարեւան երկրներին, այն բախվում է բազմաթիվ քաղաքական եւ տնտեսական խոչընդոտների, նախքան իրականություն դառնալը: Նման փորձերը վերջին տասնամյակների ընթացքում խափանվել են՝ մակրոտնտեսական անկայունության եւ կառավարությունների փոփոխության պատճառով:

Արգենտինայի ամենամյա գրեթե 100% կազմող գնաճը, համեմատած Բրազիլիայի 5,8%-ի հետ, եւ վերջին տարիներին պեսոյի արագ արժեզրկումը, ի թիվս այլ խոչընդոտների, ուղղակի մարտահրավեր են միասնական արժույթի գաղափարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ