News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Քրեական վարույթի իրականացումը ենթադրում է, որ այն պետք է իրականացվի առանց կողմնակի  միջամտությունների, այդ թվում հեղինակավոր  միջամտությունների, այնպիսին, ինչպիսին կարող է լինել գործադիրի կամ օրենսդիրի որեւէ ներկայացուցչի միջամտությունը. Անգամ քրեորեն հետապնդելի է համարում քրեական օրենսգիրքը այդպիսի միջամտությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան, նախկին դատախազ, Հովսեփ Սարգսյանը՝ անդրադառնալով զորամասի կացարանի հրդեհի դեպքին, որի հետեւանքով 15 զինվոր է զոհվել:

Նրա խոսքով, ցանկացած վարույթի շրջանակներում, հատկապես հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքեր խլած ողբերգությանը, այո կարող են առաջադրվել բազում վարկածներ, որոնք աշխատանքային կարգով համապատասխան քննչական, դատական գործողությունների կատարմամբ ենթակա են ստուգման. «Միայն դրանից հետո պետք է համապատասխան եզրահանգումներ անել: Դրանով է պայմանավորված, որ նախաքննությունը կամ միջդատական վարույթը ընթանում է հանրության համար գաղտնի, որպեսզի կողմնակի որևէ միջամտություն չլինի:

Այս դեպքում, երբ ունենք 15 զոհ, ցանկացած միջամտություն անընդունելի էր, այդ թվում կառավարության կողմից: Կապ չունի, թե կառավարության ինչ պաշտոնյա դա կարող էր անել, այստեղ խնդիրն անձերի մեջ չի, այստեղ խնդիրը ցանկությունն է, թե դու որքան ցանկություն չունես զբաղվել պոպուլիզմով, ցանկություն ունես չխաթարել այդ քննությանը և փորձել հանգստացնել հանրությանն այն առումով, որ նորմալ օբյեկտիվ քննություն է գնում:

Խնդիրը նաև սոցիալական հարթության մեջ պետք է նայել. Հիմա, երբ անձը կարողանում է շատ արագ իր խոսքը սոցիալական ցանցերի միջոցով տեղ հասցնել, դիրքորոշում հայտնել, բնականաբար, հանրությունը պետք է լարվեր: 15 զինվորի մահը, բնականաբար, բազում հարցեր էին առաջացնելու հանրության մոտ: Հենց այստեղ է գայթակղությունը, որ դու չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկես, կամ անգործություն դրսևորես, որ հանրությունը  դրա վրա լարվի: Պետք էր ընդամենը մեկ բան ասել՝ ընթանում է նախաքննություն, կքննարկվեն բոլոր առաջ քաշված վարկածները, բոլոր հնարավոր տարբերակները, համապատասխան գործողություններ կատարելուց հետո թե դատավարական, թե վարչական գործիքակազմով, հատկապես, որ փորձագիտական  հնարավորություններով Հայաստանը ապահովված է և կարող էր կարճ ժամկետում ունենալ համապատասխան արդյունքներ: Բայց ցավոք սրտի, օրեր շարունակ բազմաթիվ մակարդակներում քննարկումներ, մեկնաբանություններ են լինում,  հանրության մեջ փորք կամ մեծ օջախներով լարվածություն է առաջանում: Անգամ վիրավորական բնույթի մեկնաբանություններ են լինում: Այս կարգի բաները ես կգնահատեմ թե մանիպուլյատիվ, թե այն առումով, որ սրանով հանրություն ենք զբաղեցնում: Ամեն մեկն իր «հեղինակավոր» կարծիքն է ասում»,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ նախաքննությունը, դատախազական վերահսկողությունն իրականացնում են պրոֆեսիոնալ անձինք, և իրենք ժամանակի ու տարածության մեջ բոլոր հարցերի պատասխանը կտան. «Բայց ես նաեւ վստահ եմ, որ անկախ նրանից, թե այդ պատասխաններն ինչպիսին են լինելու, հասարակությունը մի տեսակ վերապահումով է ընդունելու դրանք: Բայց եթե մենք ի սկզբանե հարցին մոտենայինք այն տեսանկյունից, որ դիրքորոշումներ չհայտնեինք, իսկ դա սկսվեց առավոտյան կառավարության նիստում, երբ հայտարարվեց, թե բենզինի հետ կապված ինչ-որ պատմություն է: Դա պետք չէր ասել: Հնարավոր է, որ դա այդպես է, հնարավոր է՝ այդպես չէ, բայց արդեն մարդիկ բաժանվել են տարբեր ճամբարների, տարբեր կարծիքներ են հայտնում: Սա իրավական տեսանկյունից անթույլատրելի է, և ես որպես իրավաբան ու իրավապաշտպան, գտնում եմ, որ պետք է թողնել, որ միջդատական վարույթը հավուր պատշաճի, բոլոր վարկածներով հանդերձ օբյեկտիվ քննություն կատարի և համապատասխան եզրահանգումների գա: Նոր դրանից հետո կարելի է թե անձանց պատժել, թե ազատել աշխատանքից»,-հայտարարեց Հովսեփ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, որ շատ արագ պաշտոններից ազատվեցին կորպուսի հրամանատարը, տեղակալը եւ եւս մի քանի պաշտոնյաներ, փաստաբանն ասաց. «Բարձրաստիճան զինվորականներին պաշտոններից ազատելով դու ոչինչ չես անում, դու ընդամենը ցույց ես տալիս, որ այս պաշտոններից ազատումը եղել է անօրինական իրավական տեսանկյունից: Եթե դու ազատում ես ինչ-որ մի պատճառով, նշանակում է դու արդեն ունես եզրահանգումներ: Եթե կան եզրահանգումներ, պետք է դրանք առնվազն հանրայնացվեն: Վստահ եմ, որ այդ մարդիկ ազատվել են դիմում գրելով, իսկ դա նշանակում է, որ իրենց ասել են՝ դիմում գրեք:

Մյուս կողմից, եթե քրեական վարույթի շրջանակներից դուրս ես գալիս և կա ձևավորված հեղինակավոր կարծիք, վարույթն իրականացնող մարմինները պետք է ձգտեն տեղավորվել այդ գծած սահմանների մեջ, այդ սահմաններից չփորձեն դուրս գալ: Հակառակ դեպքում կհակադրվեն դիրքորոշում հայտնած անձանց և անցանկալի անձինք կդառնան: Այստեղ տուժում է նաև անմեղության կանխավարկածը»:

Դիտարկմանը, որ սպային մեղադրանք չի առաջադրվել, բայց արդեն հրապարակային հայտարարվել է, որ հենց սպայի գործողության արդյունքում է հրդեհը բռնկվել, հովսեփ Սարգսյանն ասաց. «Դա արդեն դիլետանտություն է: Եթե ասում են՝ այս անձը մեղավոր է և դրան մեղադրանք չի հետևում, նշանակում է գործ ունենք պոպուլիզմի հետ: Պոպուլիստական քայլեր անելով դու ժամանակավոր ուզում ես հասարակության վստահությունը շահել, բայց  դա օրինականության սկզբունքից շեղում է:

Քննչական, դատախազական մարմինները ստիպված եղան հայտարարություններ անելու: Երկու բան կարող էր նրանց ստիպել հայտարարություն անել, մի դեպքում, որ հանրություն ունի ցանկություն ստանալ տեղեկատվություն այդ մարմիններից, մյուս դեպքում, երբ ղեկավարը արդեն դիրքորոշում է հայտնել, փորձել այդ դիրքորոշման մեջ տեղավորվել: Քննության ընթացքում կարող են առաջ քաշվել բազում վարկածներ, դրանք հերքվեն կամ հաստատվեն: Կարող է անգամ տպավորություն լինել, որ սա արդեն հաստատված վարկած է, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով դա ի չիք դառնա: Դրա համար չպետք է խանգարել նախաքննությանը: Ցանկացած միջամտություն հակաօրինական է և անընդունելի»:

Նա հիշեցրեց, որ նախաքննության մարմինները նախազգուշացնում են, ստորագրություն են վերցնում, ասում են՝ չհրպարակեք ձեզ հայտնի դարձած տվյալները, դա քրեորեն հետապնդելի է համարվում: Բայց հիմա ստացվում է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված այս կամ այն տվյալն արդեն հանրության սեփականությունն է: Որտեղի՞ց են դրանք դուրս գալիս, ինչ նպատակով, սա արդեն այլ քննության թեմա է: Այսինքն մի դեպքում ունենք քրեական վարույթ, մյուս դեպքում հանրային հետաքրքրությունների շրջանակ: Պետք է կարողանանք դրանք տարանջատել և գայթակղություն չունենանք դրանք միացնել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ