
Արեւելաչինական ծովում, ճապոնական անմարդաբնակ Դանձյո կղզու (Նագասակիի պրեֆեկտուրա) շրջանում Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է խորտակվել, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ճապոնիայի ափային պահպանությանը։ Նավում 22 մարդ է եղել՝ Չինաստանի եւ Մյանմայի քաղաքացիներ։
Kyodo-ն գրել է, որ չորս մարդ փրկվել է։
Հարավկորեական «Ռյոնհափ» գործակալության հավաստիացմամբ՝ փրկարարները գտել են միայն երկուսին, մյուսները համարվում են անհետ կորած։
Աղետի ազդանշանը ստացվել է հունվարի 24-ին, տեղի ժամանակով ժամը 23.00-ին մոտ (Մոսկվայի ժամանակով 17.00)։ Անձնակազմը հաղորդել էր, որ նավը թեքվել է եւ սկսել խորտակվել։
Jin Tian բեռնանավը փայտանյութ էր տեղափոխում։ Այն ջրի տակ է անցել Չեջուդո կղզու Սոգվիպհո քաղաքից 148 կիլոմետր հարավ-արեւելքում։
Խորտակվածների որոնման համար աշխատում է փրկարարների երկու բրիգադ՝ հարավկորեական ափային պահպանությունը եւ նրանց ճապոնացի գործընկերները։
Կարծիք կա, որ աղետի ենթարկվածները հասցրել են փրկարար նավակներ նստել։ Այդ նավակների գտնվելու վայրն անհայտ է, դրանք որոնվում են։