News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը վերանայել է իր տնտեսական կանխատեսումը, եւ այժմ սպասվում է, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն այս տարի կխուսափի ռեցեսիայից, քանի որ ինֆլյացիան նվազում է, հաղորդում է Reuters-ը:

Կանխատեսվում է, որ այս տարի համախառն ներքին արդյունքը կաճի 0,2 տոկոսով՝ համեմատած աշնանային 0,4 տոկոս անկման կանխատեսման հետ: 

Ինֆլյացիան 2023 թվականին կանխատեսվում է 6 տոկոսի սահմաններում՝ նախորդ 7 տոկոս կանխատեսման համեմատ։

«Էական ռեցեսիայի որեւէ նշան չկա, որը շատ դիտորդներ վաղուց անխուսափելի են համարում»,-զեկույցում ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։

Այն դեպքում, երբ էներգետիկ ճգնաժամը եւ կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը Գերմանիայի կառավարությանը ստիպում են այս տարի զգուշություն ցուցաբերել, Հաբեքը հավաստիացրել է, որ ճգնաժամն այժմ կառավարելի է: «Գերմանիան ապացուցել է իր կայունությունը եւ հաջողության է հասել տնտեսական առումով»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ի սկզբանե շատ հոռետեսական սցենարը՝ գազի պակասի դեպքում պատմական անկման մտավախություններով, կանխվել է։  

«Էներգիայի մատակարարումները մնում են հուսալի եւ կայուն»,-նշել է Հաբեքը՝ հավելելով, որ այժմ խնդիրն էներգետիկ առումով ավելի անկախ դառնալն է։ Զեկույցում ասվում է, որ Գերմանիայում գործազրկությունը 2023 թվականին կկազմի 5,4 տոկոս, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան 2022 թվականի 5,3 տոկոսը։

Չնայած կանխատեսման բարելավմանը՝ ակնկալվում է, որ այս տարի արտահանման աճը կդանդաղի մինչեւ 2,2 տոկոս՝ նախորդ տարվա 3,2 տոկոս աճից հետո, ասվում է զեկույցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ