News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք մեր անկախությունը վաստակել ենք աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելով, որ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու մե՛ր կերպով ու մե՛ր արժեքներով, ապացուցել ենք առաջին հերթին մեր բանակի հաղթանակներով: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սարդարապատում Հայաստանի անկախության տոնին նվիրված ելույթի ժամանակ:

«Մեր բանակը ծնվեց մարտի դաշտում ու պատերազմի հնոցում դարձավ մեր նորանկախ պետականության կուռ վահանը եւ անխախտ հենասյունը:

Եվ հզորանալով ու ամրանալով` Հայոց բանակն այսօր ապավենն է ոչ միայն հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի, այլեւ խաղաղության ու կայունության մշտարթուն երաշխավորն է մեր տարածաշրջանում:

Նա պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ` լինի մեր սահմաններին, զավթիչի տանիքի տակ, թե ցանկացած այլ կետում:

Այսպիսին է մեր բանակն այսօր:

Հայոց զինվորնե՛ր ու հրամանատարնե՛ր,

Պարոնա՛յք սպաներ,

Քաղաքակրթությունն ու մարդու պրպտուն միտքն այսօր ստեղծագործ աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում, քան երբեւէ:

Ցավոք, ահագնացել ու բազմացել են ստեղծագործ կյանքով ապրող շինարար ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Դրանց դիմակայելու համար պետք է մշտապես քայլենք առաջ, բարձրացնենք բանակի ոգին ու մարտունակությունը:

Բանակ, որի զինվորը ռազմի դաշտում ոչ միայն պաշտպանում, այլեւ կերտում էր իր պետության քաղաքացուն: «Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն». սովորեցնում էր անցած դարավերջի ասպետը՝ Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթեն, ով բոլոր կոչումներից գերադասեց մեկը՝ զինվորինը:

Պետական մտածողություն ունեցող, կրթված ու կարգապահ զինվորը եւ նրա ոգին են մեր բանակի մարտունակության գրավականը:

Մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք` ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելով մեր զինված ուժերը:

Սակայն ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ:

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Քսանամյա Հայաստանի Հանրապետության համար պիտի մեկընդմիշտ վերաիմաստավորենք մեծ Նժդեհի այս պատգամը: Եվ հավատացնում եմ, որ կունենանք առյուծածին մայրեր, որոնց որդիների արիությունը պակաս կարեւոր կդարձնի Հայաստանը պաշտպանող ձեռակերտ ամրությունները:

Մեր մարտունակությունը պիտի գնահատենք ու զորացնենք ոչ միայն տարածաշրջանի այլ բանակների այսօրվա, այլեւ մեր իսկ բանակի երեկվա համեմատությամբ: Հետեւողական աշխատանքով:

Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ: Զինվորին դարձնում քաղաքացի ու քաղաքացուն` զինվոր:

Միաժամանակ, սակայն, պետք է անխնա կտրատենք այն վնասակար թելերը, որոնք ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են բանակը, որոնք զինվորին ու սպային խճճում են կենցաղային ու տնտեսական խնդիրների հորձանուտում:

Միայն այս կերպ զորացնելով մեր բանակը` կարող ենք վստահ լինել, որ կկարողանանք խափանել մեր երկրի ազատությանն ու անկախությանը սպառնացող ոխակալ թշնամու հարվածը:

Մենք ամուր ենք առավել, քան երբեւէ: Ու առանց երկիմաստության ասում ենք բոլորին.

Մենք պատրաստ ենք հաղթելու: Բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով:

Մենք պատրաստ ենք նվաճումների: Բայց կամենում ենք նվաճել արարման բարձունքները:

Մենք չենք վարանի թեկուզ արյան գնով պաշտպանել այն ամենը, ինչն իրականում մերն է: Բայց գերադասում ենք խաղողի արյունն ու որդան կարմիրը:

Իրավամբ, մեր ազատության ու անկախության պաշտպանը հայ զինվորն է:

Սակայն զինվորի կյանքն ու անվտանգությունը մեծապես կախված են նաեւ մեր դիվանագետների հաջող գործունեությունից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ