
Դատավոր Թարեք Բիթարը երկուշաբթի հայտարարել է, որ վերսկսում է ավելի քան 220 մարդու կյանք խլած պայթյունի հետաքննությունը 13-ամսյա դադարից հետո, որն առաջացել է դատական վեճերի եւ բարձր մակարդակի քաղաքական ճնշումների պատճառով։
Ավելի քան 200 ցուցարարներ հավաքվել են Լիբանանի արդարադատության պալատի մոտ՝ բողոքելու 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը խափանելու փորձերի դեմ:
Երկրի գլխավոր դատախազ Հասան Օվեյդատը հակադարձել է՝ մեղադրանքներ առաջադրելով Բիթարի դեմ եւ ազատ արձակելով մնացած 17 ձերբակալվածներին, որոնք դեռ կալանքի տակ էին հետաքննության ընթացքում:
Հինգշաբթի Օվեյդատը լրացուցիչ որոշում է կայացրել, որով դատական մարմիններին հանձնարարվում է չընդունել Բիթարի կողմից տրված որեւէ հրաման։
Պայթյունը, որը գրանցված ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկն է, հրահրել են հարյուրավոր տոննա ամոնիումի նիտրատ, որը նավահանգստում բեռնաթափվել է 2013 թվականին:
Պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքները, խորհրդարանի անդամները եւ այլ լիբանանցիներ հավաքվել են Լիբանանի արդարադատության պալատի մոտ, որպեսզի պահանջեն թույլ տալ Բիթարին շարունակել իր գործունեությունը:
Որոշ ցուցարարներ փորձել են ներս մտնել, սակայն դռները նրանց առջեւ փակվել են։
«Դա դատական սկանդալ է»,-ասել է փաստաբան Ալի Աբասը: «Զոհերի ընտանիքները վիրավորված են, այդ հանցագործությունն ամբողջությամբ անտեսվում է»,-ասել է նա Reuters-ին:
Ջորջ Բեզջյանը, որի դուստրը մահացել է հիվանդանոցում, որտեղ նա բուժքույր էր աշխատում, խոստացել է, որ ընտանիքները կշարունակեն բողոքել ի պաշտպանություն Բիթարի։ «Մենք կորցնելու ոչինչ չունենք։ Մենք արդեն կորցրել ենք ամենաթանկը»,-ասել է նա։
Լիբանանի բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդիպի հինգշաբթի կեսօրին՝ քննարկելու նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքը։
Ցուցարարները հայտարարել են, որ վախենում են, որ երկրի ամենաբարձրաստիճան դատավորները կարող են որոշել հեռացնել Բիթարին գործից կամ նշանակել լրացուցիչ դատավոր, ինչը փաստորեն կխաթարի Բիթարի իշխանությունը:
Բիթարը հայտարարել է, որ գլխավոր դատախազ Հասան Օվեյդատը «իրավունք չուներ» մեղադրանքներ ներկայացնելու կամ ձերբակալվածներին ազատ արձակելու, քանի որ ինքը՝ Օվեյդատը, մեղադրվում էր պայթյունի հետ կապված:
Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ դատական համակարգի պառակտումը կարող է «վտանգավոր հետեւանքներ» ունենալ, եթե այն չլուծվի: