News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ:

Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը:  Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը:  Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր կամուրջ էր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում` բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խնդիրներին: Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արդեն մեկուկես ամիս պահում է շրջափակման մեջ: Ներկայացվել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ Կատարը` որպես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում իր աջակցությունը կունենա:

Կատարի գործընկերները բարձրացրել են կրոնական անհանդուրժողականության հարցը:

Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հայ պատվիրակները Կատարի գործընկերներին սիրով հրավիրել են Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ