News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, հարցաքննվել են գործով երկու վկաներ Սեւան Քոչարյանը եւ Եղիշե Վարդանյանը:

Դատարանում վկաների տված ցուցմունքներում որոշ հակասություններ կային նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից:

Դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սեւան Քոչարյանի` դիզվառելիք ձեռք բերելու եւ իրացնելու գործունեությանը։ Դատարանը այն չհամարեց որպես գործով ապացույցի տեսակ, սակայն որոշեց կցել նյութերին եւ հետագայում անդրադառնալ դրա գնահատման հարցին։

Մեղադրող դատախազն էլ վկային հարցրեց՝ եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքը գիտեր, որ կեղծիք է կատարվել, ինչո՞ւ է միայն 2019թ. հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:

«Հիմա եմ իմաստ տեսել, այսինքն նույնիսկ հիմա էլ եմ կասկածում՝ ինչի համար եմ ես հայտարարություն տվել: Ամեն ինչին տեղյակ լինելով՝ ես անիմաստ եմ համարել հայտարարություն տալ: Մտածում էի, որ ոչ մի արդյունք չի լինի»,- ասաց Սեւան Քոչարյանը:

Դատավորի հարցին՝ ի՞նչ ակնկալիք է ունեցել՝ 2019թ. հաղորդում ներկայացնելով՝ վկան պատասխանեց՝ ոչ մի ակնկալիք չի ունեցել:

Մեղադրող դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ վկան չի հայտարարում, որ այլ ներկրողներից, օրինակ CPS ընկերության տնօրենն է խոչընդոտներ ստեղծել իր համար, այլ նշում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանին՝ ընդգծելով նրա կապը նախկին իշխանությունների հետ է, վկան պատասխանեց. «CPS-ը երբեք Իրանից եւ Իրաքից ապրանք չի ներմուծել, ներմուծել է «Ֆլեշը»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ներկրողներ կային, բայց հիմնական ներկրողները մի քանիսն էին: «Էդ մեքենաները, որ 40-45 օր կանգնել են, ոչ մաքսային տեսուչը կարող էր կանգնացնել, ոչ հերթափոխի պետը, ոչ տվյալ մաքսակետի պետը: Ես օդի մեջ ինչ-որ հայտարարություններ չեմ արել: Նույն բանը եղել է Բագրատաշենի կողմից, երբ մեքենաները եկել՝ կանգնել են առանց հիմնավորման. հիմա իմն է եղել, ընկերոջինս է եղել, բայց ես այդ ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ: Հինգ օր առաջ, ես Հակակոռուպցիոն դատարանից գրություն եմ ստացել, Բագրատաշենի կողմից ո՞նց են մեքենաները գալիս, ո՞ւմ հրահանգով են կանգնում, էնտեղ շատ մանրամասն էդ ամեն ինչ նշված է»,- ասաց վկան՝ սկսելով պատմել հակակոռուպցիոն դատարանի գործի մասին ու արժանացավ դատավորի դիտողությանը՝ հիմնավորել իր ասածները եւ հարցերին պատասխանել գործի շրջանակներում: Վկան, կրկին առանց հիմնավորումների հայտարարեց, որ «էդ զանգերը՝ ինչի՞ ես բերում, ինչի՞ ես վաճառում, ինչի՞ համար ես էժան գնով ապրանք տալիս սպառողներին, միշտ էլ եղել են»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ